Home / Հայաստան / Հովհաննիսյանը դեմ է միասնական թեկնածուին, պատրաստ է լինել «հավաքական թեկնածության մասնիկը»

Հովհաննիսյանը դեմ է միասնական թեկնածուին, պատրաստ է լինել «հավաքական թեկնածության մասնիկը»

Եթե Հայաստանն ուզում է ունենալ «դե յուրե» նոր առաջնորդ և իշխանություն, որը հետապնդելու է իր ազգային շահը և ժողովրդավարությունը, դա կարող է արվել միմիայն ուժեղ հասարակական, հավաքական  թեկնածության միջոցով:

«Ես ասում եմ, որ պատրաստ եմ լինել հավաքական թեկնածության մասնիկը, մնացածը տեխնիկայի խնդիր է», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չմասնավորեցնելով, թե ինչ է նշանակում լինել «հավաքական թեկնածության մասնիկը»:

Նա նշել է, որ մի միասնական թեկնածուի շուրջ հավաքվելը նշանակելու է ժողովրդի հերթական  պարտություն և հիասթափություն:

«Պետք է լինի հավաքական թեկնածություն, որտեղ մտնում են կոնկրետ ներքին և արտաքին, պետական ծրագրերով այն ուժերը, այն քաղաքացիները, ովքեր ուզում են ունենալ «դե յուրե» իշխանություն և պետություն: Ես համարում եմ, որ ինչ-որ մեկի՝ կոնկրետ թեկնածուի շուրջ հավաքվելը բերելու է պարտության»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա վերահաստատել է նախկինում հնչեցրած այն միտքը, որ «եթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ ազատ, արդար, սահմանադրական ընտրություններ լինեն Հայաստանում, մենք կունենանք նոր նախագահություն՝ 4-րդ նախագահ»:

Հովհաննիսյանը բացատրել է՝  ի՞նչ են նշանակում ազատ, արդար ընտրություններ:

«Եթե պետական շենքերը՝ դպրոցները, քոլեջները, մշակութային տները, հիվանդանոցները չօգտագործվեն կուսակցական հատվածական գործունեության համար: Եթե կրթական ու հանրային այլ սեկտորները կուսակցականացվում են, եթե շարունակվում է պետական բյուջեի հատվածական կիրառումը, եթե պետական  միջոցներով երիտասարդական համերգներ են հրավիրվում, դրանք կուսակցական համերգներ են, եթե, ի վերջո ցանկացած դեպքում, ցանկացած թեկնածու ծախսն ավելի է, քան 100 միլիոն դրամ, ես համարում եմ, որ դրանք ազատ ու արդար ընտրություններ չեն: Ի սկզբանե չեմ ուզում նաև ասել՝ ինչ են լինելու ընտրությունների արդյունքները: Եթե կրկնվելու են մայիսի խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերը, խախտումները, համատարած կեղծիքները, ուրեմն հիմիկվանից կարող ենք, ասել, որ հավանական է՝ այդպես էլ լինի, բայց դրա վճիռը կանխավ չեմ կարող ասել»,- ասել է նա:

Հովհաննիսյանը շեշտել է, որ ինքը օգտվելու է ընտրություններին մասնակցելու իր իրավունքից՝ անկախ խայթոցներից ու հուսահատ կանխատեսումներից:

«Ես արտահայտել եմ իմ ցանկությունը՝ մասնակցել նախագահական ընտրություններին և ուրախ կլինեմ վայելել զորակցությունը տարբեր կուսակցությունների և հասարակական հոսանքների: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ինչպես նաև քաղաքական այլ հոսանքները պետք է ճիշտ որոշեն, թե ինչպե՞ս են ներկայանալու քաղաքական առաջիկա գործընթացներում՝սեփական թեկնածո՞ւ պիտի դնեն, թե՞ պիտի զորակցեն ընդդիմադիր այլ թեկնածուի կամ իշխանակա՞ն թեկնածուի: Իրենց փոխարեն ասել չեմ կարող», – նշել է «Ժառանգության» առաջնորդը:

Կուսակցապետի խոսքով՝ ինքը փորձել է իրեն ու իր կուսակցությանը հեռու պահել ինտրիգային, ստորգետնյա խորհրդակցություններից ու պայմանավորվածություններից:

«Մենք հայտարարել ենք, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանը՝ իր ներքին քաղաքականության, իր պետական կառուցվածքով, պետության, քաղաքացու, իշխանության առաջնահերթություններով», – ասել է Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են կանգնել այն միասնական թեկնածուի կողքին, ով ուզում է հավաքական թեկնածության մաս կազմել:

«Դա վերաբերում է թե ՀՅԴ-ին, թե ՀԱԿ-ին, թե ԲՀԿ-ին, ովքեր ուզում են իրացնել իրենց ու մեր հավաքական օրակարգը», – եզրափակել է Հովհաննիսյանը: