Home / Հայաստան / «Խոսրովի արգելոց»-ի նորանշանակ տնօրենը հրաժարվել է պաշտոնից

«Խոսրովի արգելոց»-ի նորանշանակ տնօրենը հրաժարվել է պաշտոնից

Նոյեմբերի 28-ին լրացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի  նշանակման ժամկետը: Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացրել է, որ արգելոցի տնօրենի պաշտոնի  համար նոյեմբերի 23-ին կայացված  մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Պողոսյանի նշանակումը լուրջ դժգոհություն էր առաջացրել բնապահպանական կազմակերպությունների շրջանում: Երեկ բնապահպանության նախարարությունը պատասխանել էր դժգոհողներին:

Հանաձայն պաշտոնական հաղորդագրության, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին,  անցկացրել է աշխատանքային  քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

«Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում: Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը», – ասված է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության մեջ: