Home / Հայաստան / «Պարոն Սարգսյան, ձեր խոսքը չի անցնում». Հուսախաբ կինը պնդում է՝ ՀՀ նախագահին չեն հարգում

«Պարոն Սարգսյան, ձեր խոսքը չի անցնում». Հուսախաբ կինը պնդում է՝ ՀՀ նախագահին չեն հարգում

2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավներից մեկի ժամանակ` ապրիլին, ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն իրեն մոտեցած Մարիետտա  Սարդարյանին խոստացել է հետևողական լինել ու լուծում տալ վերջինիս հուզող խնդրին: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սարդարյանը, ում խնդիրը լուծում չի ստացել, ինչի պատճառով էլ նա նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում:

Կինը նշել է, որ ինքը ծնունդով արցախցի է, արցախյան պատերազմի մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամ և երկու երեխաների միայնակ մայր:

«10 տարի Նոր-Նորքի ուսանողական հանրակացարանում բնակվելուց հետո, տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի թեթև ձեռքով, ԴԱՀԿ միջոցով 2012 թվականի մարտի 1-ին երեք հոգանոց ընտանիքիս շպրտել են փողոց: Հաշվի չեն առել ոչինչ: Դուստրերս 16 և 17 տարեկան ուսանողներ են, ապրում եմ վարձակալության իրավունքով, սակայն չեմ կարողանում վարձավճաները տալ: Ստացածս հաշմանդամության թոշակն ու նպաստն են, որ միասին կազմում է 40 հազար դրամ»,- ասել է Սարդարյանը՝ հավելելով, որ այժմ ի վիճակի չէ վճարել մեկ ամսվա 35 հազար դրամ վարձը:

Նրա խոսքով՝ երբ ինքը պատմել է եղելությունը, նախագահը շատ է զարմացել ու անգամ ասել է՝ «չի կարող նման բան պատահել»:

«Մոտեցա ու դեմառդեմ ներկայացրի իրողությունը, ասացի, որ մենք հիմա փողոցում ենք բնակվում: Ընտրություներից հետո նա հանձնարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին զբաղվել գործով, և վերջինիս միջնորդությամբ ինձ կանչել են նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանի մոտ: Նա էլ ասել է՝ «դուք գնացեք, մենք հարցը կքննարկենք, լուծում կտանք»», – պատմել է Սարդարյանը:

Լուսանկար Մարիետտա Սարդարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից

Նա նշել է, որ 1 ամիս պատասխանի սպասելուց ու չստանալուց հետո ինքը կրկին գնացել է նախագահական նստավայր, ինչից հետո ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն այցելել է հանրակացարան՝ տեղում պարզելու իրավիճակը:

«Դրանից հետո գալիս եմ Ասատրյանի մոտ ու հարցնում՝ «տիկին Ասատրյան, բա ի՞նչ եղավ, դուք եկաք տեսակցության, նա էլ ինձ լկտի պատասխան է տալիս՝ «երբ որ դուք Արտաշես Բախշյանից ներողություն կխնդրեք, նոր կվերադարձնի ձեր սենյակները, դուք դատարանում ասել եք, որ Բախշյանը կաշառակերությամբ է զբաղվում»: Ասացի՝ «ես հիմա էլ եմ կրկնում, որ ինքը կաշառակեր է, իմ սենյակները վերցրել ու վաճառել է սիրիահայերին: Առանց այն էլ 32 քմ-ոց տարածքը շատ քիչ էր ընտանիքիս համար, դրանից էլ զրկեցին», – ասել է Սարդարյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ դատական պրոցեսներում թաքցրել են կառավարության 2011 թվականի մարտի 24-ի 305N որոշումը:

«Որոշման մեջ  նշված է, որ 5 և ավելի տարի, տեղում հաշվառված և փաստացի գրանցված ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չունեն սեփականության որևիցէ գույք, նրանք իրավասու են պետության կողմից նվիրատվություն կարգով դառնալ սեփականատեր: Բողոքարկել եմ մինչև վճռաբեկ դատարան ու բնականաբար պարտվել եմ»,- պատմել է բողոքող կինը:

Սարդարյանը համոզմունք է հայտնել, որ նախագահը տեղյակ չէ այս ողջ գործընթացից, այլապես իր խնդիրը վաղուց լուծված կլիներ:

«Մտածում եմ, որ նախագահը վստահ է, որ իր հանձնարարությունը կատարվել է, քանի որ ինքը գործը հանձնարարել էր նորանշանակ պատգամավորին, նա էլ պետք է որ լուծած լիներ», – ասել է հաշմանդամ կինը:

Տարբեր ատյաններում բողոքարկած կինը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ կրկին փորձելու է մոտենալ նախագահին.

«Մոտենալու եմ ու ասեմ. «Գոնե հետևեք ձեր տված հանձնարարականներին, պարզելու համար՝ դրանք կատարվո՞ւմ են, թե ոչ»: Նաև ասելու եմ ՝ «պարոն Սարգսյան, ձեր խոսքը չի անցնում»: Ակնհայտ է՝ որ պետական չինովնիկները հանրապետության նախագահին չեն հարգում, եթե հարգեին, ապա այդ գործը պետք է լուծում ստանար: Ասեմ ավելին՝ նամակների բաժնի պետն ինչ իրավունք ունի ասելու, որ գնամ ներողություն խնդրեմ Բախշյանից», – ասել է Սարդարյանը:

Նա նաև պատմել է, որ մեկ տարի առաջ խնդրանքով դիմել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, իրենք էլ գրություն են ուղարկել տարածքային կառավարման նախարարություն հետևյալ գրությամբ՝ «աջակցել Մարիետա Սարդարյանի ընտանիքին ու հնարավորինս բավարարել նրա պահանջը»:

«Մեկ օրինակն էլ ուղարկել են ինձ ու մեկ ամիս անց, երբ որ ես պատասխան չեմ ստանում, գնում եմ տարածքային կառավարման  նախարարություն ու հանդիպում նման հարցերով զբաղվող Սարգիս Հովհաննիսյանին, նա էլ լկտիաբար ասում է՝ «քո դիմումին ոչ կպատասխանենք, ոչ էլ», – եզրափակել է Սարդարյանը: