Home / Հայաստան / Զինվորի հայրը համոզված է, որ որդու սպանության համար մեղադրվողներն անմեղ են

Զինվորի հայրը համոզված է, որ որդու սպանության համար մեղադրվողներն անմեղ են

Մատաղիսի աղմկահարույց գործով երեք կասկածյալների դատական քննության ձգձգումը պատահական չէ. դատախազությունը նպատակ ունի ժամանակ շահել, նոր փաստեր «հորինել» մեղադրանքից չհրաժարվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեղադրյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հերթական անգամ Զինդատախազությունը վերցրել է մի վարկած, որը ամեն գնով առաջ է տանում: Նշենք, որ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Հիշեցնենք, որ վերջին մի քանի դատական նիստերը չեն կայացել՝ մեղադրող 3 դատախազների տարատեսակ պատճառաբանություններով: Մասնավորապես, նրանցից մեկը հիվանդ է եղել, մյուսը նշել է, որ պատրաստ չէ ճառի:

«Մենք տեսնում ենք, որ Զինդատախազությունը ոճը չի փոխել, թեև դրա կազմը փոխվել է: Երկու հոգի են ինքնախոստովանական ցուցմունք տվել, նրանից մեկը հաստատ սուտ ցուցումքն է տվել: Ինչ վիճակի մարդու պետք է հասցնեն, որ նա խոստովանի մի արարք, որ չի արել: Նախկին զինդատախազը (նկատի ունի ներկայումս ՀԱԿ պատագամավոր Գագիկ Ջհանգիրյանին – խմբ.), չգիտեմ ինչու,   հենց այս երեքին է որոշել պատժել տեղի ունեցածի համար: Ես մտածում եմ, որ նրա մոլորությունն այնքան էլ բարեխիղճ չի եղել»,- ասել է Ալումյանը:

Հիշեցնենք, որ Մատաղիսի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում են նույն զորամասի 3 զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողները դուրս են եկել զորամասից, հետո հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:

Դատախազության վարկածի հիմքում դրված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանները նշում են, որ երկու անգամ Ռազմիկ Սարգսյանի դեմ սուտ մատնություն է տվել իր նախկին ընկերուհին: Նա ասել է, թե իբր Ռազմիկն իրեն սպառնացել է՝ ասելով՝ «տես, դու էլ իմ զոհը չդառնաս»:

Դատարանում, սակայն, կինը խոստովանել է, որ նման ցուցմունք գրել է դատախազի հրահանգով: Ալումյանի խոսքով՝ այդ կինը Ռազմիկի դեմ անձնական ատելություն ունի. նա նախկին ընկերուհին է և վիրավորվել է, երբ վերջինս նշանվել է այլ կնոջ հետ:

«Երբ վերջին դատական գործերը հետաձգվում էին, մենք մտածում էինք՝ դատախազությունը տեսնում է, որ չկա որևէ ապացույց և հրաժարվելու է գործից: Սակայն կարծես այդ կնոջը կրկին ուզում են ցուցմունք տալ ստիպել», – ասել է Ալումյանը՝ հավելեով, որ դա հնարավոր է, քանի որ սուտ մատնություն տված կինը խոցելի և ակռավարելի դիրքում է:

8.5 տարվա քննության ընթացքում զոհերի ծնողները համոզվել են, որ իրենց որդիներին չեն սպանել նրանք, ովքեր հիմա մեղադրվում են:

Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, այսօր լրագրողներին ասել է, որ  մեղադրվողներն անմեղ են:

«Իմ որդուն ջրից հանել են հունվարի 9-ին, նրա դին դեռ թարմ էր, ի տարբերություն Ռոմանի դիակի, որը հանվել է հունվարի 10-ին, ամբողջովին քայքայված էր:  Նրանք նույն օրը չեն սպանվել»,- ասել է սպանված զինվորի հայրը՝ հավելելով, որ բազում այլ սխալներ կան քրեական գործում:

«Բանտերում կան շատ մարդիկ, ովքեր անմեղ են, իսկ դրսում ազատություն են վայելում շատ հանցագործներ, որովհետև դատարանը անկախ չէ: Այդպես է լինելու, քանի դեռ հասարակությունը անտարբեր է», – ասել է Ալումյանը: