Home / Հայաստան / ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին. ԼՂՀ ԱԳ նախարար

ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին. ԼՂՀ ԱԳ նախարար

Նոյեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով համաժողովում: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշելով, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրների մարտահրավերների արմատները գտնվում են անցյալում` ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել համապարփակ անվտանգության մթնոլորտ` հիմնված փոխգործակցության և հավասարության վրա:

«Դրա հիմքում պետք է լինի հարգանքը մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության նկատմամբ: ԼՂՀ անկախության հռչակման առաջին իսկ օրերից առաջնայնություն է տրվել ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, որն ազատ ու մրցունակ ընտրությունների միջոցով է ձևավորում  իր կառավարությունը: Կցանկանայի շեշտել, որ մենք հաստատակամ ենք մեր  ձգտման մեջ` շարունակել այն ուղին, որը սկսել ենք ավելի քան 20 տարի առաջ: ԼՂՀ հաջողություններն այս ուղղությամբ ակնհայտ են և չեն կարող անտեսվել: Դրա վառ օրինակն են հանդիսանում 2012 թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները, որոնք ևս մեկ քայլ էին ժողովրդավարական ավանդույթների և  համամարդկային արժեքների ամրապնդման ուղղությամբ,  ինչպես վկայում են միջազգային դիտորդների բարձր գնահատականները»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ համագործակցության և ժողովրդավարական արժեքների հարգման վրա հիմնված անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման  ուղղությամբ Ադրբեջանը պատասխան քայլեր չի ձեռնարկում:

«Այս իրավիճակում մեծ է միջազգային հանրության դերը: ԼՂՀ ներկայիս կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա համագործակցության համար: Հարավային Կովկասում ցանկացած անվտանգության մոդել պետք է ամբողջությամբ հաշվի առնի ԼՂՀ գործոնը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի օրինական շահերի անտեսումը կարող է Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իր «կոլեկտիվ պատժի» քաղաքականությանը»,- նշել է Կարեն Միրզոյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ խաղաղ կարգավորմանն այլըտրանք չկա և անհրաժեշտ է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել` միևնույն ժամանակ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժը սպառված չէ:

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ապահովել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը նրա բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակում և իրագործում: