Home / Հայաստան / Ավտոտնակների տերերին հետաքրքրում է՝ ուր են գնում թաղապետարանին վճարվող գումարները

Ավտոտնակների տերերին հետաքրքրում է՝ ուր են գնում թաղապետարանին վճարվող գումարները

Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 8 հասցեի բակում ավտոտնակների տերերը տարիներ շարունակ վճարել են գումար, որպեսզի իրենց ավտոտնակների շրջակայքը մաքրվի, սակայն այդ տարածքը գրեթե երբեք մաքրած չի լինում:

Ավտոտնակներից մեկի տերը՝ Վահրամ Հարությունյանը, Epress.am-ին տեղեկացրել է, որ մոտ 2 ամիս առաջ բոլոր ավտոտնակների վրա իրենք տեսել են թղթեր. ավտոտնակների տերերին հրավիրում էին թաղապետարան՝ պայմանգրեր կնքելու:

«Ավտոտնակի համար բոլորը ամեն ամիս վճարում են հազար դրամ, իմ նշած հատվածում կա մոտ 50 ավտոտնակ: Այժմ այդ ավտոտնակների տերերին կանչել են թաղապետարան և առաջարկել պայմանագրեր կնքել, համաձայն որի թաղապետարանը պարտավորվում է վերանորոգել ավտոտնակները, դռները ներկել և, ամենակարևորը, ավտոտնակի շրջակայքը մշտապես մաքրել: Մենք այդ գումարը միշտ վճարել ենք, ու միշտ հարց է եղել, ինչո՞ւ ենք այդ գումարը մենք վճարում, որ դիմացը բան չենք ստանում: Հիմա պայմանգրի մեջ կետ կա, որ ավտոտնակների շրջակայքը պարտավոր են մաքրել, սակայն միևնույնն է՝ չեն մաքրում»,- ասել է Հարությունյանը:

Նա բազմիցս այդ հարցով զանգահարել է թաղապետարան, սակայն խնդրին ըստ էության լուծում չի տրվել, իսկ թաղապետարանի ղեկավարությունն էլ խուսափում է  տերերի հետ խոսել այդ խնդրի մասին:

«Ես 5-6 տարի է՝ այդ ավտոտնակը գնել եմ, ու շրջակայքը երբեք մաքուր չի եղել: Հավաքարարին եթե տեսնում եմ, գումար եմ տալիս, մաքրում է իմ ավտոտնակը ու մոտակա տարածքը»,- ասել է Վահրամ Հարությունյանը:

Նա հաշվել է բակի ավտոտնակները և վճարվող գումարը և նկատել, որ իրենց վճարումները տարեկան կտրվածքով բավական մեծ գումար են կազմում, ու ոչ միայն իրեն, այլև մյուս ավտոտնակների տերերին հետաքրքրում է, թե ուր է գնում այդ գումարը: