Home / Հայաստան / Նոր Նորքի նախկին թաղապետի արձանը, այնուամենայնիվ, կկանգնեցվի

Նոր Նորքի նախկին թաղապետի արձանը, այնուամենայնիվ, կկանգնեցվի

Նոր Նորք վարչական շրջանի նախկին թաղապետ, հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի արձանը դեռևս կանգնեցված չէ, թեև ավագանու որոշմամբ առաջարկությունը հաստատվել է։ Առաջարկությունը, ըստ քաղաքապետարանի, ներկայացրել էր Նոր Նորքի ներկայիս թաղապետը՝ Արմեն Ուլիխանյանը, սակայն վերջինս էլ դեռևս ամիսներ առաջ «Հրապարակ» թերթի հետ զրույցում հերքել էր, թե ինքն է այդ նախաձեռնության հեղինակը։ Ավագանու որոշմամբ՝ նախկին թաղապետի կիսանդրին պետք է տեղադրվեր Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։

Երեկ «Հրապարակը» Դավիթ Պետրոսյանի հորից՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա կիսանդրին տեղադրված չէ։ Վերջինս ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, և հորդորել այդ հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից էլ ասել են, որ որոշումն արդեն կա, իսկ մնացածը՝ քանդակի էսքիզները, պատրաստումը և տեղադրումը, տեխնիկական հարցեր են։

«Հրապարակը» նշում է, որ, հնարավոր է, հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո նախաձեռնության հեղինակները թերևս մտափոխվել էին՝ գիտակցելով դրա անլրջությունը։