Home / Հայաստան / Նոր Նորքում հարձակվել են լրագրողի վրա, խլել են ձայնագրիչը

Նոր Նորքում հարձակվել են լրագրողի վրա, խլել են ձայնագրիչը

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը հայտարարություն-ահազանգ է տարածել:

Հայտարարության հեղինակները նշում են, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջև «թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը,  երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս»:

«Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաև տեսագրող-ձայնագրող սարքը և քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ», – նշում են հայտարարության հեղինակները:

Մեր տեղեկություններով՝ ձայնագրիչը խլել է դեպքի վայրում եղած կանանցից մեկը: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում, բացի Ստյոպա Սաֆարյանից, առաջադրված է ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը: