Home / Հայաստան / Օրինազանց քաղաքացին և վրացական համարներով մեքենաները՝ թիվ 35 ընտրատարածքում

Օրինազանց քաղաքացին և վրացական համարներով մեքենաները՝ թիվ 35 ընտրատարածքում

Այսօր թիվ 35 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրողներին ուղղորդում էին նաև վրացական համարներով մեքենաներով Ջավախքից եկած մարդիկ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀՇ երիտասարդկան միության նախագահ Բաբկեն Ուռուտյանը, ով ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում դիտարկում է իրականացրել:

«Ազատան գյուղում առանց համարների մի «համեր»՝ մի քանի ջիփերի ուղեկցությամբ պտտվում էր, գյուղապետի հորդորով մի պահ կուտակումներ են եղել, հետո արդեն հանդարտվել է այդ ամենը: Բնակիչների խոսքով՝ շատ մեքենաներ, հիմնականում ջիփեր վրացական համարներով, եկել են Ջավախքից: Նրանց ներկայությունը տեղամասերի առջև շատ ընտրողների մոտ կարող է  վախ առաջացնել», – ասել է Բաբկեն Ուռուտյանը:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրիի մի մասը և հարակից բնակավայրերը, առաջադրված էին ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը և ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով ծագումով Ջավախքից է:

Ուռուտյանը նաև տեղեկացրել է, որ Ախուրյանի տեղամասերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ մի քաղաքացու խնդրել են հեռանալ տեղամասի մոտից:

«Երբ նրան ասել են, որ դուք այստեղ չպետք է կանգնեք, դուք իրավունք չունեք որևիցե մեկին ուղեկցելու, ցուցակ նայելու, եթե դուք այստեղի ընտրող չեք: Նա էլ հենց ձայնագրման սարքի դիմաց բառացիորեն ասել է հետևյալը. «Ես լավ եմ անում, օրինազանց մարդ եմ ու ոնց ուզենամ այդպես էլ անելու եմ»», – ասել է Բաբկեն Ուռուտյանը:

35/05 տեղամասի մոտ, որը դարձյալ գտնվում է Ախուրյանում, Ուռուտյանը հետևյալ միջադեպն է նկատել:

Ինչ-որ մարդիկ մտել են էլցանց, որը գտնվում է տեղամասի հարևանությամբ, ապա՝ տեղամաս: Քիչ անց տեղամասի մոտ կանգնել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս, որի միջից մի քանի հոգի են իջել և մտել են էլցանց: Երբ լրագրողները մոտեցել են, որպեսզի նկարահանեն մարդկանց, նրանց մի մասը հետևի դռնով փախել են, իսկ մյուսներն էլ ասել են, թե իրենք ուղղակի մեկ այլ տեղամասում ընտրել են և եկել են այդտեղ, որպեսզի սպասեն տվյալ տեղամասում իրենց ծանոնթներին:

«Այդպես էլ ընտրողները դուրս չեկան, իրանք քշեցին, գնացին: Էլցանցի պետը եկավ և ասաց, որ նման բան չի կարող լինել, բայց այդ պահին էլցանցից դուրս եկան մի տասը հոգի: Եթե նրանք ընտրության հետ կապ չունեն… կիրակի օրով աշխատողները, ինձ թվում է, այնտեղ անելիք չունեն», – ասել է Բաբկեն Ուռուտյանը:

Նա նաև պատմել է, որ տեղամասերի մոտ մշտապես երկու-երեք մեքենաներ են կանգնած եղել՝ հիմնականում Երևանից: Երբ այդ մեքենաների մոտ կանգնածներին խնդրում էին ներկայանալ, նրանք հրաժարվում էին պատասխանել:

«Մենք ոստիկաններին դիմել ենք,  որ նրանց հեռացնեն, բայց մի քանի րոպե հետո հետո նույն մեքենաներն ու նույն մարդիկ նույն տեղում կանգնած ենք տեսել»,- ասել է Բաբկեն Ուռուտյանը: