Home / Հայաստան / «Ես Մարոն էի՝ 20 տարեկան». Երևանում իրազեկում էին ընտանեկան բռնության մասին (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Ես Մարոն էի՝ 20 տարեկան». Երևանում իրազեկում էին ընտանեկան բռնության մասին (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Ես Մարոն էի՝ 20 տարեկան: Ասում են, թե ես ինքնասպան եմ եղել, կախվել խալաթի գոտիով, բայց վզիս վրա միայն մատնահետքեր էին: Իրականում ես 3 ամսական հղի էի և ունեի 2 տարեկան Արևիկիս, երբ նա սպանեց ինձ: Միշտ կապտուկների մեջ կորած էի՝ ծեծում էր: Բայց վախենում էի խաղամոլ ամուսնուցս և նրա ահաբեկումներից, իսկ երբ ցանկացա ամուսնալուծվել՝ չհասցրի: Իսկ հիմա ծնողներս պայքարում են արդարության համար, աղջիկս նայում է նկարիս ու հարցնում՝ «Գալու է, չէ՞: Ինձ սիրում է, չէ՞»:

Այս և ևս նման ևս 3 գրություններով պաստառներով այսօր «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիա է անցկացրել՝ ընդդեմ ընտանեկան բռնության:

Ակցիայի հիմնական նպատակն ընտանեկան բռնության մասին բարձրաձայնելն ու իրազեկելն էր:

«Շատ հաճախ մարդիկ արդարացնում են ընտանեկան բռնությունը՝ ասելով, որ հայ տղամարդիկ տաքարյուն են, դոմինանտ ու պետք է ինչ-որ ձևով այդ դոմինանտությունն արտահայտեն ընտանիքում, և դրա համար ի հայտ են գալիս ընտանեկան բռնության դեպքերը», – ասել է կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ շատերը կողմ են նրան, որ ընտանեկան բռնությունները պետք է չորս պատերի ներսում մնան և որ այդ մասին պետք չէ բարձրաձայնել:

«Մեր արագ արձագանքման խումբն այսօր 10 դեպք ունի, կոնկրետ այսօր 4 ընտանեկան բռնության դեպք ենք վերցրել և ներկայացնել հանրությանը: Դեպքերից երկուսը կանանց մահվան ելքով են ավարտվել, մյուս երկու դեպքում կանայք իրենց մեջ ուժ են գտել պայքարելու ու դիմել են ոստիկանություն», – պատմել է Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կանանց բռնության ցուցանիշը շատ բարձր է:

«Բոլորն էլ փաստում են, որ երևույթը կա, սակայն այն փակ է ու կոծկված: Դեպքերից շատերը մահով են ավարտվել, ու հիմա մենք աշխատում ենք այնպես անել, որ խուսափենք մահերից», – ասել է ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը:

Հիշեցնենք, որ օրերս դատարանը վճիռ է կայացրել սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի գործով: Մարիամի սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ով նրան ծեծել է գրտնակով, վառել է մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով, պետք է անազատության մեջ մնա ընդամենը 1 տարի, 2 ամիս: Ակցիայի կազմակերպիչները, ովքեր դժգոհ են վճռից, այսօր, այլ խոշտանգված կանանց լուսանկարների հետ մեկտեղ, փակցրել էին նաև Մարիամի լուսանկարները, որոնց վրա երևում են արդուկի հետքերը: