Home / Հայաստան / «Մարտի 1-ի էջը փակված չէ». Ջհանգիրյանը բացատրել է՝ ինչու է կողմ ՀՀԿ-ի առաջարկին

«Մարտի 1-ի էջը փակված չէ». Ջհանգիրյանը բացատրել է՝ ինչու է կողմ ՀՀԿ-ի առաջարկին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել են, որ իրենք կողմ են, որ ՀԱԿ խմբակցության առաջարկած մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվի, բայց 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Նշենք, որ այսօր մինչև ԱԺ քառօրյայի մեկնարկը տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել է Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Խնդրի շուրջ Epress.am-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Վերջինս նշել է, որ ՀՀԿ-ն նախագծի վերաբերյալ  խմբագրական բնույթի առաջարկություններ է արել: Առաջինը՝  նախագծի հիմնավորումների մասից հանեն քաղաքական բովանադակություն ունեցող կետերը, ինչին Գագիկ Ջհանգիրյանը կողմ է, քանի որ, նրա խոսքով, խնդիրն ավելի շատ իրավական հարթության մեջ է: Մյուս առաջարկը կապված է եղել նախագահական ընտրություններից հետո հանձնաժողովը ստեղծելու մասին:

«Ես համաձայնեցի, ինչի՞ համար, որովհետև ճիշտ է՝  մարտի 1-ի նախագծի հեղինակը մենք ենք՝ Կոնգրեսն է, բայց Մարտի 1-ի պահանջատերը մեր ողջ ժողովուրդն է, նախևառաջ այդ տասը զոհերն են, նրանց իրավահաջորդներն են, հարյուրավոր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներն են, հազարավոր հալածյալ քաղաքացիներն են: Եվ ես այսպես ծանր ու թեթև արեցի, թե ո՞րն է ճիշտը՝ պահանջել այս պահին լուծել խնդիրը և  դրական եզրակացություն չստանալ, ինչը ավտոմատ ենթադրում է, որ նաև օրակարգ հարցը չի մտնի, թե ստանալ երաշխիքներ հրապարակային մեծամասնության կողմից՝ տրված ԶԼՄ-ների ու մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջ: Քաղաքական մեծամասնությունը ընտրություններից հետո կողմ է լինելու նման հանձնաժողովի ստեղծմանը և աշխատանքին, ինչը ես դրական համարեցի և գնացի այդ փոխզիջմանը», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

ՀԱԿ պատգամավորը նաև նշել է, որ մարտի 1-ի դեպքերի շուրջ ստեղծված անելանելի վիճակը և իրավապահ մարմինների, ոստիկանության, ՀՔԾ-ի, գլխավոր դատախազության ըստ էության անգործությունը, մեծամասնությանը պարտադրեցին գնալ այդպիսի զիջումների:

«Ինչո՞ւ համաձայնվեց ստեղծել: Հիմա ժամկետը դնենք մի կողմ, համաձայնվեց, որովհետև տեսավ՝ անհնար է թաքցնել, քողարկել, կոծկել և Նիկոյանի հանձնաժողովի եզրակաացությամբ կամ ՀՔԾ-ի հանրային իրազեկմամբ փակել մարտի 1-ի խնդիրը: Մենք, ըստ էության, այս խնդիրը նորից թարմացրեցինք, մարտի 1-ը նորից դարձրեցինք քաղաքական օրակարգի եթե ոչ առաջին, ապա առաջնային հարցերից մեկը, և վստահ ենք, որ այդ հանձնաժողովն իր աշխատանքում և արդյունքներում անպայման իր նպաստը կբերի այդ դեպքերի բացահայտմանը: Փաստորեն, իրենք ընդունեցին, որ մարտի 1-ի էջը փակված չի: Որովհետև համաձայնվեցին մեր արգումենտների հետ, որ անհրաժեշտություն կա նաև այդպիսի հանձնաժողով ստեղծելու, ուղղակի խնդրեցին, կամ առաջարկեցին այդ ստեղծման նախաձեռնությունը մի քիչ հետաձգել»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը: