Home / Հայաստան / «Հակահարված»-ի անդամներին բաց թողեցին. ոստիկանները հորդորել են «այլևս նման բան չանել» (թարմացված)

«Հակահարված»-ի անդամներին բաց թողեցին. ոստիկանները հորդորել են «այլևս նման բան չանել» (թարմացված)

13:25 «Հակահարված» խմբի ակտիվիստներ Հերբերտ Գևորգյանը և Թաթուլ Սարոյանը դուրս եկան ոստիկանության բաժնից: Նրանք դարձյալ հրաժարվել են ստորագրել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրության տակ: Երիտասարդները պատմել են, որ ոստիկանության բաժանմունքում իրենց հորդորել են այլևս «նման բաներ չանել»:

12:50 «Հակահարված» արտ-խմբի ակտիվիստներից մեկը՝ Արտակ Գևորգյանը, դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից: Նա նշեց, որ ներսում իրեն առաջարկել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն ստորագրել, սակայն նա հրաժարվել է դա անել և դուրս է եկել: Այս պահին ոստիկանության բաժանմունքի շենքի ներսում են Թաթուլ Սարոյանը և Հերբերտ Գևորգյանը: Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ, ըստ ոստիկանների, քիչ անց դուրս կգան նաև մյուս երկու ակտիվիստները:

11:55 Այսօր առավոտյան՝ ժամը 9.30-ի սահմաններում, «Հակահարված» արտ-խմբի 3 անդամներ՝ Թաթուլ Սարոյանը, Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, հերթական ակցիան անցկացնելու ժամանակ բերման են ենթարկվել Ոստիկանութան բաժնի Մարաշի բաժանմունք:

Խմբի ակտիվիստներն առավոտյան Երևանի պետական համալսարանի մոտ գետնանցումում «Մի ենթարկվիր ռեժիմին» գրությամբ պաստառ են փակցրել, որի վրա պատկերված է բարձրախոսով երիտասարդ: Նույն գրությամբ և պատկերով պաստառ իրենք փակցրել են նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող գետնանցումում, սակայն այստեղ իրենց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ և հորդորել չաղտոտել քաղաքը, որից հետո երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության բաժին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, հարցին, թե ինչու են տղաները բերման ենթարկվել, բաժնի հերթապահը պատասխանել է, որ երիտասարդները բերման չեն ենթարկվել, այլ հրավիրվել են բաժին և որ վարչական տույժի ենթարկվելուց հետո իրենց ազատ կարձակեն:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով: Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:

Նոյեմբերի 22-ին «Հակահարվածի» անդամները մտել էին ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և  բարձրախոսով կոչ էին արել ուսանողներին կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները:

Հիշեցնենք, որ Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: