Home / Հայաստան / Արտագաղթի նախապայման, զինվորական օմբուդսմենի ինստիտուտ. պատգամավորները՝ բանակի մասին

Արտագաղթի նախապայման, զինվորական օմբուդսմենի ինստիտուտ. պատգամավորները՝ բանակի մասին

Դեկտեմբերի 10-ին աշխարհում նշվող Մարդու իրավունքների միջազգային օրը առիթ է հանդիսացել, որպեսզի Epress.am-ը ՀՀ զինված ուժերում առկա խնդիրների վերաբերյալ զրուցի ՀՀ ԱԺ մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Epress.am-ը, մասնավորապես, հարցրել է պատգամավորներին՝ արդյոք վերջին տարվա ընթացքում բանակում իրավիճակ է փոխվել՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ միանգամից ոլորտը իդեալական դարձնել անհնար է, սակայն տարվա ընթացքում տեսանելի է եղել, որ բանակում առկա բացասական երևույթների դեմ լուրջ պայքար է մղվում: Նա ընդգծել է, որ շատ ակտիվ է գործում Պաշտպանության նախարարության թեժ գիծը, որից բավական օգտվողներ կան, և մարդիկ հնարավորություն ունեն առանց միջնորդի նախարարությանը ցանկացած տեղեկատվություն տեղ հասցնել:

«Ինձ թվում է, որ աշխարհում ընդունված կարգ է, որ օմբուդսմենի ինստիտուտը պետք է ավելի ընդլայնվի: Մենք պետք է ունենանք նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին կից զինվորականների և, ենթադրենք, ուսանողների իրավունքների պաշտպանների ինստիտուտներ: Կարծում եմ՝ հասնելու ենք սրան», – նշել է Մարգարյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ որոշ հարցեր, որոնց մասին տարվա ընթացքում բարձրաձայնել են, կարծես, դրական արձագանք են ստացել: ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, որ այդ խնդիրներին լուրջ անդրադարձներ են լինում ամենաբարձր մակարդակով, և եթե նման տրամադրությունները խորանան, ապա ստեղծված իրավիճակում փոփոխություն կարելի է ակնկալել: Այնուամենայնիվ, Ռուստամյանն ընդգծել է, որ ներկայումս ոլորտում չկա այն վիճակը, որը կարող է բավարար համարվել:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համոզմամբ՝ եթե անգամ ինչ-որ բաներ ոլորտում արվում են, ապա դա չի նպաստում բացասական երևույթների դեմ արդյունավետ պայքարին:

«Սպանություններն ու զինվորների նկատմամբ վերաբերմունքը, բնական է, միայն բացասական արդյուքներ են տալիս: Վերջին երեք տարիների ընթացում շուրջ 200 սպանված, սա ոչ միայն ներսն է թուլացնում, այլ դրսից է վախի զգացողություն առաջացնում: Ծնողը, որը տեսնում է, թե բանակում ինչ է կատարվում, ամեն ինչի պատրաստ է, որ բանակ որդուն չուղարկի: Եվ արտագաղթի նախապայմաններից, մոտիվացիաներից մեկն էլ հենց սա է: Քաղաքացին պատրաստ է տունը ծախել, բայց տղային բանակ չուղարկել», – ասել է Մանուկյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշել է, որ մարդու իրավունքների թեման շատ ցավոտ է:

«Եվ ես կարող եմ հանգիստ խղճով ասել, որ դա ցավոտ թեմա է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դժբախտաբար կան դեպքեր և՛ հասարակության ներսում, և՛ բանակում: Բայց ես տեղյակ եմ, որ ՊՆ-ում բավական լուրջ ծրագիր է մշակված հատկապես իրավունքների  ոտնահարման դեպքերի հետ կապված: Եվ ուզում եմ, որ նկատեք, որ ինչ-որ գործընթաց սկսվել է: Եթե նկատել եք, վերջին շրջանում այդ ցավալի դեպքերը, երբ տեղի են ունենում՝ բռնություններ, ծեծ, այդ մասին հենց ՊՆ-ն ինքն է առաջինը տեղեկացնում: ՊՆ-ն մտահոգ է և շահագրգիռ, որպեսզի իրական մեղավորները բացահայտվեն», – ասել է Եսայանը:

Նա նշել է նաև, որ վերջին շրջանում ոլորտում դրական տեղաշարժեր կան:

«Իհարկե, այդ քայլերը չեն կարող բավարար լինել, որովհետև եթե բավարար լինեին, կնշանակեր՝ ինչ-որ կախարդական փայտիկով խփեցիր և բոլոր խնդիրները լուծվեցին: Դա շարունակական գործընթաց պիտի լինի: Ես ուղղակի հույս ունեմ և ուզում եմ հավատալ, որ այն ինչ այսօր կատարվում է պաշտպանության համակարգի ոլորտում հենց կոնկրետ զինվորի իրավունքի, ինչու չէ նաև հրամանատարների իրավունքների պաշտպանության հարցում, կբերի ինչ-որ կոնկրետ արդյունքի և մենք շատ մոտ ապագայում այդ աշխատանքը կտեսնենք», – ասել է ՀՀԿ-ականը:

Epress.am-ը պատգամավորներին նաև հիշեցրել է, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները ակցիաների ժամանակ հաճախ պահանջում են բացատրել, թե ինչու են իրենց որդիներին ծառայության տանում ԼՂՀ:

«Ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքական ուժերը տվյալ խնդրին» հարցադրմանը արձագանքելով՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ստեղծվել է մի անհասկանալի իրավիճակ:

«Մենք ինքներս` Հայաստանը, չի հաստակեցնում իր կարգավիճակն այս հարաբերություների մեջ: Դրա համար էլ, եթե տեսել եք, մեր օրակարգում յոթ կետերից մեկը հենց դա է՝ կնքել ռազմաքաղաքական դաշինք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որտեղ կամրագրվի այս ամեն ինչը: Այո, շատ պարզ, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարվի, որ մենք, այո՛, պետք է այնտեղ ներկա լինենք, որովհետև անվտանգության երաշխավորն ենք հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Որ ծնողները հասկանան, որ այդպես պետք է լինի, բա ի՞նչ պետք է լիներ: Բա պիտի Ղարաբաղը թողնեինք Ադրբեջանի ագրեսիայի տա՞կ», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:

Մարգարիտ Եսայանը նշել է, որ դա շատ նուրբ հարց է և չի ծավալվել խնդրի շուրջ:

Հովհաննես Մարգարյանը խնդրի մասին հակիրճ է խոսել՝ հիշեցնելով, որ Հայաստանը երաշխավորում է ԼՂՀ-ի հայրենակիցների անվտանգությունը:

«Բազմաթիվ անգամ ենք ասել, գործնականում մենք երաշխավորներից մեկն ենք և, բնականաբար, միշտ օգնության ձեռք պետք է մեկնենք ԼՂ պաշտպանության բանակին», – նշել է ՕԵԿ-ական պատգամավորը:

Արամ Մանուկյանի խոսքով՝  դա մեծ քաղաքական մեթոդի խախտում է:

«Տարիներ շարունակ Հայաստանը Ղարաբաղի խնդիրը ներկայացրել է որպես ներքին խնդիր, ինքնորոշման խնդիր, որի կողմերն էին Ղարաբաղը և Ադրբեջանը: Ռոբերտ Քոչարյանի գալով՝ կոնֆլիկտը ընդարձակվեց դարձավ Հայաաստան-Ադրբեջան կոնֆլիկտ: Այդ  ֆորմատի մեջ, ինչը քաղաքական կոպիտ սխալ էր, որի արդյունքում ինքնորոշման գաղափարը կորավ, Ղարաբաղը ոչնչացվեց որպես սուբյեկտ, և հիմա էլ այդ մեծ ֆորմատի առումով մտածում են, որ Հայաստանն է Ղարաբաղին օգնում և հայաստանցիները կարող են ծառայել նաև Ղարաբաղում: Դա մեթոդի կոպիտ սխալ է: Ամբողջ աշխարհը տեսնում է, ամբողջ աշխարհը հասկանում է: Ձևակերպումը՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից, Ադրբեջանի ներքին խնդրի ֆորմատից փոխվեց Հայաստան-Ադրբեջան ձևաչափի, և, բնականաբար, ԼՂՀ-ում ծառայելու խնդիրները հենց դրա մեջ տեղավորվում են», – նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը: