Home / Հայաստան / Bourbon St.-ից այցելուին դուրս են հրավիրել հրեա լինելու համա՞ր. ակումբը չի պարզաբանում

Bourbon St.-ից այցելուին դուրս են հրավիրել հրեա լինելու համա՞ր. ակումբը չի պարզաբանում

Երեկ Bourbon St. ժամանցային ակումբի այցելուներից մեկին դուրս են հրավիրել ակումբից այն բանից հետո, երբ մենեջերը տեղեկացել է, որ տղայի մայրը հրեա է:  Նրան և նրա ընկերներին անվտանգության աշխատակիցները խնդրել են դուրս գալ: Միջադեպի մասին Facebook-ում ակումբի պաշտոնական էջում գրառում է թողել դեպքի ականատեսներից մեկը:

Միջադեպի մասին մանրամասներ իմանալու համար Epress.am-ը զանգահարել է Bourbon St.: Ակումբի հեռախոսավարը, սակայն, հայտարարել է, որ հեռախոսազանգով իրենք միայն տեղի նախնական պատվերներ են ընդունում, իսկ նման հարցերով ինֆորմացիա հնարավոր է ստանալ՝ Facebook-ում Bourbon St.-ի էջին նամակ ուղղելով: Այսօր առավոտյան էջում թողած մեր հարցմանը ևս պատասխան չի եղել: Հեռախոսավարն ասել է, որ այն, հնարավոր է, կլինի վաղը:

Ինչևէ, բազմաթիվ բողոքներին արձագանքելով՝  Bourbon St.-ի Facebook-յան էջի ադմինիստրատորը հետևյալ մեկնաբանությունն է թողել. «Մենք ռասիզմի դրսևորումներ չենք հանդուրժում: Մենք ձեր մեղադրանքներին լուրջ ենք վերաբերվում, սակայն նաև հասկանում ենք, որ ամեն դեպք երկու կողմ ունի: Մենք ներողությոն ենք խնդրում, եթե երեկ մեր ակումբում թյուրըմբռնում է տեղի ունեցել»:

Դեպքի առնչությամբ մտահոգ մարդիկ, սակայն, նման «թաքուն արված» մեկնաբությամբ բավարաված չեն:

«Ձեր պատասխանը շատ էժանագին է և ցույց է տալիս, որ դուք հարցից լավատեղյակ չեք: Ճիշտն ասած՝ միշտ չէ, որ պատմությունները երկու կողմ են ունենում, այն էլ՝ նման դեպքում: Մենք ձեզանից ոչ թե PR քայլ ենք ակնկալում,  «թյուրըմբռնման»  անվան տակ հնչեցրած ներողություն, այլ իրական ներողություն ձեր պահվածքի համար: Ավելին՝ բոլոր հիմքերը կան նաև քրեական գործ հարուցելու համար»,- գրել է օգտատերերից մեկը:

Իրավապաշտպաններից մի քանիսը երեկոյան հանդիպում են ունենալու ակումբի ղեկավարության հետ: Իրավապաշտպանները առայժմ հրաժավում են խոսել. ակումբը խոստացել է հրապարակային ներողութուն տարածել:

Լուսանկարը՝ Bourbon St.-ի ֆեյսբուքյան էջից