Home / Հայաստան / ԱՄՆ-ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը. Հայաստանում շաբաթական 210 դիմում են քննում

ԱՄՆ-ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը. Հայաստանում շաբաթական 210 դիմում են քննում

Դեկտեմբերի 17-ից գործելու է մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման և հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ, որով արագացվելու է վիզա ստանալու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը:

Նոր ընթացակարգով վիզա ստանալու համար կարելի է դիմել հեռախոսով, կայքում գրանցելով, վճարում անելով «Արդշինինվեստբանկ»-ի միջոցով: Գործարքներն իրականացնող բանկի փոփոխությունը (նախկինում վճարումներն արվել են Հայէկոնոմբանկ»-ի միջոցով) հյուպատոսը բացատրել է ծրագիրն իրականացնող եվրոպական ընկերության որոշմամբ: Լինն ասել է, որ նախկին կարգով դիմած մարդիկ կկանչվեն հարցազրույցի, սակայն ցանկալի է, որ հետագա դիմողները սպասեն մի քանի օր և դիմեն դեկտեմբերի 17-ից հետո:

Ըստ Լինի՝ անցնող տարում մուտքի վիզա ստանալու համար դեսպանատուն ավելի շատ հայաստանցիներ են դիմել, քան նախորդ տարի, ամեն շաբաթ մոտ 210 մարդ է հարցարույցի գալիս:

Անդրադառնալով ԱՄՆ մուտքի վիզաների ամենամյա վիճակախաղի՝ «Գրին քարտի» խաղարկության վերացման հարցին՝ հյուպատոսն ասել է, որ դեռ վաղ է ասել՝ այդ օրինագիծը կընդունվի, թե ոչ:

Լրագրողներից մեկը հիշեցրել է Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հարցադրումը, թե ինչու ՀՀ կառավարությունը չի դիմում ԱՄՆ դեսպանատանը, որը մուտքի արտոնագրեր է տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ նպաստելով արտագաղթին:

««Գրին քարտով» ԱՄՆ են ներգաղթում մարդիկ ողջ աշխարհից, դրանց չնչին մասն է գալիս Հայաստանից՝ 2000 հոգի տարեկան: Որևէ դժգոհություն չի եղել ՀՀ կառավարությունից «Գրին քարտի» վերաբերյալ, ինչքանով ինձ հայտնի է»,- ասել է Լինը:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը նման հայտարարություն արել էր՝ պատասխանելով  ՀՀ կառավարության մտահոգությանը, թե ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի միջոցով Հայաստանից բազմաթիվ մարդիկ են արտագաղթում: