Home / Հայաստան / Զոհված զինվորների մայրերին հայհոյած քննիչը նկատողություն է ստացել

Զոհված զինվորների մայրերին հայհոյած քննիչը նկատողություն է ստացել

ՀՀ Զինվորական դատախազության հատուկ կարևոր գործերով քննիչ Յուրա Բադալյանը նկատողություն է ստացել, տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ Բադալյանին նկատողությունը ստացել էր նոյեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էին ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, իրենք գնացել են ՀՀ ՊՆ քննչական բաժին, որպեսզի զրուցեն ՊՆ քննչական բաժնի պետ Արմեն Հարությունյանի հետ, սակայն նրա մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը ծնողներին փոխանցել է, որ այդ պահին Հարությունյանը չի կարող նրանց ընդունել և առաջարկել է գալ ավելի ուշ:

Ծնողներից մի քանիսն ասել են, որ իրենք մարզերից են գալիս, և ընդամենը 5-10 րոպե են խլելու և պնդել են, որ իրենց ընդունի: 2010 թվականին զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, մի փոքր առաջ է գնացել և բարձր ձայնով պնդել է, որ իրենց այսօր պետք է ընդունեն: Այդ պահին կանանց է մոտեցել Զինվորական դատախազության քննիչ Յուրա Բադալյանը և սկսել է հայհոյել ու քաշքշել կանանց:

«Այն կողմից դուռը բացեց՝ ձեռքերը գրպանը դրած, լափառոշ բերանը բացած Յուրա Բադալյանը, ու ասեց՝ «դուրս եկեք ստեղից, պոռնիկ, դուրս արի», և դա  բոլորի մոտ, Նանային (Նանա Մուրադյան, 2010թ. զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը – խմբ.) հրեց: Ասեցի` ինչո՞ւ, որ դու ու Շոթան (դատաբժիշկ Շոթա Վարդանյան – խմբ.) մեր երեխեքի արյունը լափում եք, մինչև ե՞րբ պիտի ճիշտը չհանեք ջրի երես, ինչի՞ եք խաբում: Ի՞նչ են արել մեր երեխեքը ձեզ, որ մեր երեխեքին սպանում եք»,- պատմել է Իրինա Ղազարյանը:

Դրանից հետո կանայք գնացել էին Պաշտպանության նախարարություն և միջադեպի հետ կապված դիմում-բողոք են ներկայացրել, ինչպես նաև դիմում-բողոք էին ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպանը կատարված միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Պաշտպանության նախարարին, որտեղից նրան երեկ հայտնել են, որ անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում Բադալյանին նկատողություն է հայտարարվել: