Home / Հայաստան / Հայ քահանայի օգտին կայացված վճիռը բողոքարկել են Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանում

Հայ քահանայի օգտին կայացված վճիռը բողոքարկել են Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանում

Ֆրանսիայում թղթադրամներ կեղծելու գործով անցնող Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի թեմի հոգևոր հովիվ տեր Վաչե Այրապետյանի գործը դեռևս փակված չէ, քանի որ մեղադրող կողմը (Ֆրանսիայի դատախազությունը) բողոքարկել է վճիռը և դատը շարունակվելու է ավելի բարձր ատյանում: Նշենք, որ, համաձայն ֆրանսիական «Նիս Մատեն» թերթի, տեր Վաչեն մի խմբավորման անդամ էր, որի ղեկավարներն էին 49-ամյա Միհրդատ Ասատրյանը և 50-ամյա Ռոբերտ Մխիթարյանը:

Վաչե Այրապետյանի համար դատախազը պահանջել էր 3,5 տարվա ազատազրակում, սակայն Նիսի առաջին ատյանի դատարանը չէր համաձայնել մեղադրող կողմի փաստարկների հետ և տեր Վաչեին, ինչպես և մյուս մեղադրյալներին, ազատազրկման չէր ենթարկել:

Epress.am-ի հետ զրույցում Նիսի Հայ առաքելական եկեղեցու վարչության անդամներից մի քանիսը նշել են, որ քահանային առայժմ չեն դատապարտել, բայց «հանցանքը կա, փաստերը կան, սակայն, հավանաբար, կառավարության փաստաբանն այդքան զորություն չի ունեցել, որ կարողանա փաստերը նորմալ ներկայացնել»:

«Իսկ մեղադրյալի փաստաբանը շատ զորավոր մի մարդ էր, որին անշուշտ շատ դրամ են տվել, որ այս ավազակին դուրս պրծացրեց: Որովհետև այդ բոլոր այլանդակությունները ինքն իրենով չի անում, այլ բոլոր թելերը տանում են դեպի Գարեգին Բ», – ասել է եկեղեցու վարչության անդամներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ Նիսի Հայ առաքելական եկեղեցու վարչությունը նույնպես Վաչե Այրապետյանի դեմ հայցով դիմելու են դատարան, քանի որ վերջինս գրպանել է եկեղեցուն նվիրաբերած 30 000 եվրոն, որը տրամադրվել էր եկեղեցու համար մուտքի նոր դուռ գնելու համար:

Նիսի հայ առաքելական եկեղեցու վարչության անդամները պահանջելու են, որ նա հետ վերադարձնի եկեղեցուն պատկանող գումարը, քանի որ դուռն այդպես էլ չի փոխվել: