Home / Հայաստան / Որ դեպքում տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի ԱԽՔ-ացումը. ՀԱԿ անդամը՝ թեկնածուների մասին

Որ դեպքում տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի ԱԽՔ-ացումը. ՀԱԿ անդամը՝ թեկնածուների մասին

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀԱԿ քաղխոհրդի անդամ  Զոյա Թադևոսյանը ցանկանում է հպարտությամբ խոսել իր երկրի նախագահի մասին, բայց վերջին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում հպարտանալու առիթներ չունի, քանի որ նրանք  ուղղակի նսեմացրել են նախագահի ինստիտուտի ողջ արժեքը: Այս մասին Թադևոսյանն այսօր ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքական գործչի խոսքով՝ երկրի նախագահի բերանից չպետք է հնչեն «պտի», «որտև», «խնթռներ» արտահայտությունները:

«Դրանք հայերեն չեն, ես չեմ հասկանում՝ ինչ լեզվով են, համենայնդեպս, նախագահին ոչ վայել ոճ է: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը ունենա նախագահի այնպիսի թեկնածու, որին կարելի է մատնացույց անել: Այդպիսի թեկնածու կա Հայաստանում, իսկ մնացած թեկնածուները… որոշները խաղի մեջ են մտել տարբեր քաղաքական ուժերի դրդմամբ, որոշները փորձում են ինքնահաստատվել, որոշները հայտնի դառնալ: Ամեն մեկն ունի իր նպատակը, բայց հենց պատճառը նա է, որ պահանջները նախագահի հանդեպ այնքան են իջել, որ ցանկացած ոք իրեն նախագահ կարող է  զգալ, դրա համար էլ մեր նախագահի թեկնածուները միշտ շատ են լինում»,- ասել է Զոյա Թադևոսյանը:

Նա նշել է, որ նախագահը պետք է լինի, բանիմաց, գրագետ, քաղաքական որոշակի գործընթացներում կոփված, հեղինակություն ունեցող գործիչ, որ խոսքը պետք է լինի միարժեք: Լրագրողների այն հարցին, թե արդյոք այդպիսի թեկնածու է համարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, Զոյա Թադևոսյանը դրական պատասխան է տվել:

Անդրադառնալով նաև միասնական թեկնածուի հարցին՝ վերջինս հիշեցրել է  հայտնի խոսքը, որ «հայ ժողովրդի փրկությունն իր միասնականության մեջ է», և նկատել է, որ «այդ խնդիրը մենք միշտ ունենք»:

Լրագրողներից մեկը բանախոսին հարցրել է, որ եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի,  ի՞նչ պետք է պատասխանի իր ընտրողներին և այդ մարդիկ արդյո՞ք չեն հիասթափվելու:

«Մի բան ես հաստատ գիտեմ, որ եթե ես լինեի Գագիկ Ծառուկյանի ընտրող, և եթե ընտրեի Գագիկ Ծառուկյանին, կնշանակեր՝ ես չեմ ուզում գործող իշխանություններին, այսինքն՝ իշխող քաղաքական ուժին չեմ համակրում, ես փնտրել եմ այլընտրանք և այդ այլընտրանքը տեսել եմ մի մարդու մեջ, ով խոստացել է, որ այս երկրում շատ բան է փոխելու: Նրա ընտրողները գայթակղվել են այդ խոստումներով: Եվ ես ունեմ շատ մարդկանցից լուրեր, նրանք քաղաքական գործիչներ են, նրա թիմակիցներից ունեմ ընկերներ, ովքեր գտնում են, որ եթե Գագիկ Ծառուկյանը չկատարի իր խոստումը և չգնա որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ կանգնելու ժողովրդի կողքին, դրան կհետևի նրա ԱԽՔ-ացումը (նկատի ունի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով հանդես գալով որպես ընդդիմադիր թեկնածու, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո որոշեց սատարել Սերժ Սարգսյանին): Դա հաստատ է»,- ասել է Զոյա Թադևոսյանը: