Home / Հայաստան / Մասնագետը խորհուրդ է տալիս խոզի բուդը գնել Նոր տարվա գիշերը և օգտվել տեղական երշիկներից

Մասնագետը խորհուրդ է տալիս խոզի բուդը գնել Նոր տարվա գիշերը և օգտվել տեղական երշիկներից

Հայաստանյան շուկայում արդեն գների 15-20% բարձրացում է գրանցվել, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը ևս 20% աճ կդիտվի, այնինչ, օրինակ, ԱՄՆ-ում Ամանորից առաջ գների մինչև 30% նվազում է տեղի ունենում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ թանկանալու են հատկապես այն ապրանքները, որոնք ամենից շատ են գնվում:

«Ես միշտ խորհուրդ եմ տալիս խոզի բուդը գնել գիշերվա 12-ից հետո, քանի որ գինը իջնում է մինչև 1500-2000 դրամ, և խնդրում են, ասում են՝ «տարեք, մենակ չմնա»», – ասել է միության նախագահը:

Մելիտա Հակոբյանն ասել է, որ «Սպառողների միություն»-ը գների բարձրացման հետ որևէ կապ չունի, սակայն պաշտպանում է սպառողների շահերը: Հանդես գալով որպես սպառողների պաշտպան՝ միությունը, լավագույն դեպքում, խորհուրդ է տալիս՝ ինչպես պատժել գործարարին՝ չգնելով կամ քիչ գնելով նրա ապրանքը:

«Երեկ ինձ զանգեցին մի շարք շուկաներում հսկողություն իրականացնող մեր մասնագետներն ու ասացին, որ մեծ քանակությամբ նարինջ  ու մանդարին են թափել, քանի որ բավական բարձր գներով դրել են վաճառքի, սակայն չեն հասցրել վաճառել, միրգը նեխել է: Այսօր ազգաբնակչությունն այդքան էլ գնողունակ չէ, բայց հայերը սովոր են՝ վերջին կոպեկը ծախսել և Նոր տարի անել, այնինչ Նոր տարին նրա համար է, որպեսզի մարդիկ ուրախանան, այլ ոչ թե ուտեն», – ասել է Հակոբյանը:

Ինչ վերաբերում է սննդի մեջ պարունակվող տարբեր ներկանյութերին՝ մասնագետը հիշեցրել է, որ շուկայում արդեն առկա են կարմիր, կանաչ, նարնջագույն պանիրներ:

«Շուկան ղեկավարում են ոչ թե գործարարները , այլև անհատները: Ուզում եմ տեղեկացնել մեր սպառողներին՝ ուշադրություն չդարձնել ՏՄՊՊՀ-ի հայտարարություններին: Շատ հանգիստ կարող եմ ասել՝ թող օգտվեն մեր տեղական երշիկ արտադրողների արտադրանքից: Եթե նույն երշիկ արտադրողը ամիսը 2-3 անգամ իր արտադրանքն ուղարկում է տարբեր լաբորատորիաներ, գումարած՝ ազգային ինստիտուտ, որը պետական է, այդ ո՞նց եղավ, որ այդ մարդիկ 10-15 տարի արտադրում են՝ նորմալ է, ու այսօր, երբ մրցունակ են ԱՊՀ տարածքում, վատ արտադրեցին», – ասել է միության նախագահը՝ հավելելով, որ Նոր տարուն սննդամթերքի պակաս չի լինելու՝ նամանավանդ ձվի:

«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով՝ իրենց մոտ փաստացի կան վերջերս տուգանված երշիկ արտադրող ընկերությունների լաբորատր ստուգման արձանագրության արդյունքները:

«Ուզում եմ ասել, որ մեր սերտիֆիկացման մարմիններն ու սերտիֆիկացված  լաբորատորիաները աշխատում են շատ նորմալ ու նման սխալ ինֆորմացիա չեն տա», – նշել է միության փոխնախագահը:

Ասուլիսի մասնակից՝ Սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզե Հայցյանի խոսքով՝ նախաամանորյա գների բարձրացումը որևէ հիմնավորում չունի:

«Խորհուրդ եմ տալիս մեր սպառողներին չգնել չմակնշված ապրանք՝ հատկապես հրուշակեղեն՝ տորթեր, թխվածքներ: Ամեն տարի դեկտեմբերին ամենուր վաճառվում են գեղեցիկ, գրավիչ, գայթակղիչ տորթեր, սակայն չգիտես՝ ով է արտադրել: Պետք  է զերծ մնալ թերմակնշված ապրանքներ ձեռք բերելուց», – խորհուրդ է տվել տնտեսագետը: