Home / Հայաստան / ՀՀԿ-ական գյուղապետն ու հարկայինները ծեծել են միմյանց

ՀՀԿ-ական գյուղապետն ու հարկայինները ծեծել են միմյանց

Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ու հարկայինի աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թե ինչից է ծագել վեճը համայնքապետի ու տեղի չինովնիկների միջև, թերթը փորձել է պարզել անձամբ գյուղապետ Մամիկոն Սմբատյանից: Վերջինիս խոսքով՝ ծեծկռտուքի գործը չի հասել, ինքն ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին:

Վերջիններս էլ գնացել են ոստիկաններին բողոքելու:

«Բանից պարզվում է` մարզային ռևիզորները «ընկել են գյուղապետի հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում նրան պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա», – գրում է թերթը:

Գյուղապետը նշել է, որ, մասնավորապես, հարկային մարմինները սուտ ակտեր են գրել իր դեմ, որովհետև բենզալցակայանն ու խանութը «մեր սեփականն ա, բայց տվել ենք, ուրիշն ա օգտագործում, դրանից մենք շահույթ չունենք»:

«Նրանք էլ միշտ սուտ ակտեր են գրել ու դադարեցրել գործունեությունը: Անցյալ անգամ սուտ ակտեր գրելու համար դատարանով մեծ դժվարությամբ ապացուցեցինք, որ իրանց տուգանածը սխալ ա», – ասել է Սմբատյանը՝ հավելելով, որ այս տարի էլ, երբ փոխվել է խանութում առևտուր իրականացնող անհատ ձեռներեցը, առանց տնօրենին զգուշացնելու հարկայինները եկել են ու «նորից ստուգումներ արել»:

«Էս անգամ չեմ հանդուրժելու…Իրանք պետք ա ներկայանային ՍՊԸ-ի տնօրենին, նոր գային ստուգման: Սրանց համար սովորական բան է դարձել՝ գնան ու ակտ գրեն», – ասել է Սմբատյանը:

Թեև նա «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ծեծկռտուք չի եղել, թերթի հետ զրույցում ոստիկանությունից հաստատել են, որ ծեծ եղել է, հարկահավաքներից մեկին էլ դատաբժշկական ուղեգիր է տրվել, որ վնասվածքների չափը ճշտեն: