Home / Հայաստան / Հայաստանում գների բարձրացման միակ պատճառը մենաշնորհներն են. տնտեսագետ

Հայաստանում գների բարձրացման միակ պատճառը մենաշնորհներն են. տնտեսագետ

Համաշխարհային տնտեսության մեջ պարենային ապրանքների գների բարձրացման միտումներ չկան, հակառակը, պարենային ապրանքների հետ կապված գների անկում է գնում: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Ամանորի նախաշեմին գների բարձրացումը կարելի է կապել համաշխարհային տնտեսության գների հետ:

Հիշեցնենք, որ հայաստանյան շուկայում գների բարձրացման մասին հայտարարել էր «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Ընդհանրապես պարենային գների անկման համար հատկապես երկու հանգամանք կա, մեկ՝ բնակլիմայական պայմաններ, մեկ էլ գնողունակություն: Եվ երբ այսօր համաշխարհային ֆինանսական ճգնաժամից դուրս գալու քայլերի մի ուղղությունը ֆինանսական հնարավորությունների կրճատումն է, բյուջեի ճեղքվածքը փոքրացնելու համար ծախսերը նվազեցումը, հենց դա էլ գնողունակության վրա է ազդում: Այս պայմաններում չի կարող պարենի գնի բարձրացում տեղի ունենալ: Առավել ևս, երբ որ ՀՀ կառավարությունն էլ է այդ քաղաքականությունն այսօր տանում, զսպողական քաղաքականություն»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Նա նշել է, որ այսօր համաշխարհային շուկայում մսի, հացահատիկի, շաքարավազի, կարագի գնի նվազում է գրանցվում, և եկող տարվա համար կանխատեսումներն էլի կախված կլինեն բնակլիմայական պայմաններից:

Խաչատրյանն ընդգծել է, որ պարենային ապրանքները Հայաստանում հիմնականում ներմուծվում է, և դրանց գնի փոփոխոթյունը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից:

«Բայց ոնց որ այստեղ էլ միտում չկա, վերջին ժամանակներս դոլարն էլ, եվրոն էլ արժեզրկվում են: Էս հանգամանքներից ելնելով՝ էն ինչ-որ կատարվում է, դա շուկայի մենաշնորհային տնտեսությամբ է պայմանավորված», – ասել է տնտեսագետը:

Խաչատրյանը նաև ասել է, որ ինքը հետևում է երշիկ արտադրողների հետ կապված  պատմությանը.

«Էլի մի 10-15  ֆիրմա մեջտեղից կհանեն, էն մեծերը առաջ կգան: Սա տիպիկ երևույթ է մենաշնորհային: Էն ինչի մասին, որ Կոնգրեսը հարց բարձրացրեց, մենք ներկայացրեցինք, չանցավ, եթե մենաշնորհային տնտեսություն է, միշտ էսպես է լինելու: Ու որևէ գրագետ բացատրություն, ինչ-որ տնտեսագիտական այլ բացատրություն չկա, ու չի էլ կարող լինել»,- ասել է Վահագն Խաչատրյանը: