Home / Հայաստան / «Մատաղիսի գործ». Զոհված զինվորի հայրն ուրախ է, որ մեղադրյալներին ազատեցին

«Մատաղիսի գործ». Զոհված զինվորի հայրն ուրախ է, որ մեղադրյալներին ազատեցին

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մատաղիսի աղմկահարույց գործով երեք կասկածյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը ու Արայիկ Զալյանն արդարացվել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տղաների պաշտպան Հայկ Ալումյանը: Նա առայժմ մեկնաբանություններ չի արել, միայն շնորհակալություն է հայտնել դատավորներից, որոնք իրենց մեջ ուժ գտան և արդարացման դատավճիռ կարդացին:

Ակտիվիստ Լալա Ասլիկյանն էլ Epress.am-ին ասել է, որ դատարանում այժմ աննկարագրելի ուրախություն է տիրում, տղաներն ու հարազատները հուզմունքից լացում են: Ուրախացել է նաև զոհված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ով ևս համոզված էր, որ 3 մեղադրյալները չեն սպանել իր որդուն: Մկտրումյանն ասել է, որ այսօր իր թոռան՝ մյուս որդու տղայի ծննդյան օրն է, և այս որոշումը իր համար խորհրդանշանական է:

Հայկ Ալումյանի խոսքով՝ ինքը տուժողների իրավահաջորդների հետ շարունակելու է զբաղվել այս գործով  և օգնելու, որպեսզի երկու զինծառայողների սպանության իրական մեղավորները բացահայտվեն:

Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի, դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ երկու զինծառայողներ՝ Ռոման Եզիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը, դուրս են եկել զորամասից: Հունվարին նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:

Դատախազության վարկածի հիմքում դրված է Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ըստ պաշտպանական կողմի, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանները նշում են, որ երկու անգամ Ռազմիկ Սարգսյանի դեմ սուտ մատնություն է տվել իր նախկին ընկերուհին: Նա ասել է, թե իբր Ռազմիկն իրեն սպառնացել է՝ ասելով՝ «տես, դու էլ իմ զոհը չդառնաս»: