Home / Հայաստան / ՀՀԿ-ն փոխեց և անցկացրեց օրինագիծը. Փաշինյանը պատրաստ է եթերում հանդիպել Հարությունյանին

ՀՀԿ-ն փոխեց և անցկացրեց օրինագիծը. Փաշինյանը պատրաստ է եթերում հանդիպել Հարությունյանին

Այսօր ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ` ձայների 70 «կողմ» և 6 «դեմ» համամասնությամբ, ընդունվել է Էթիկայի հանձնաժողովի մասին ՀՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էին, որ նախագծի ընդունման դեպքում կհրաժարվեն հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Հիշեցնենք, որ, համաձայն նախագծի, ՀՀԿ-ականների թիվը հանձնաժողովում պետք է ավելանար և իշխող կուսակցությունը վետոյի իրավունք ունենար հանձնաժողովի որոշումների վրա:

Այսօր, սակայն, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն իր եզրափակիչ ելույթից հետո կրկին խոսք է վերցրել և հայտարարել է, որ իրենք պատրաստ են փոփոխություններ մտցնել օրինագծի մեջ:

Նրա խոսքով՝ այսօր Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ քննարկվել են դեռ երեկ հնչած առաջարկություններ, որոնցից մեկն ավելի առարկայական է դարձել: Ըստ փոփոխված նախագծի՝ Էթիկայի հանձնաժողովը կաշխատի 3+3+1 ձևաչափով, այսինքն՝ 3 ներկայացուցիչ կունենա իշխող կոալիցիան (ՀՀԿ+ՕԵԿ) և 3 ներկայացուցիչ ընդդիմությունը (ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ): Եվս մեկ ներկայացուցիչ կունենա իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն: Բացի դա, Հովհաննիսյանի խոսքով, հանվել է որոշումների ժամանակ վետոյի իրավունքը, որն ընդդիմության ներկայացուցիչների համար թիրախային և կարևոր հարց էր:

Նշենք, որ քվեարկությունը կայացել է 2-րդ ընդմիջումից հետո՝ 16:30-ին, քանի որ ՀՀԿ-ն ընդմիջման ընթացքում հավաքում էր օրենքի նախագիծն անցկացնելու համար անհրաժեշտ 66 պատգամավորներին: Մինչ այդ, ինչպես նկատել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, դահլիճում ՀՀԿ-ի 63 ներկայացուցիչներ են եղել:

Ոչ կոալիցիոն բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ փոփոխությունների դեպքում կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Նրանք, սակայն, հրաժարվել են քվեարկել:

ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մասնակցել է քվեարկությանը՝ 6 դեմ ձայներով: Վահան Հովհաննիսյանը բացատրել է, որ դա իրենք արել են՝ տեսնելով, որ ՀՀԿ-ն կարողացել է բավական թվով պատգամավորներ հավաքել, և խմբակցությունը որոշել է իրենց բացասական դիրքորոշումը հայտնել օրինագծի վերաբերյալ:

Նշենք նաև, որ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ասել է, որ նախագծի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատրաստ է բանավեճի Էթիկայի հանձնաժողովի խնդրի վերաբերյալ: Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հեռուստաբանավեճի, և խնդրել է իրեն հայտնել տեղն ու ձևաչափը: