Home / Հայաստան / ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ առաջնորդը, ամենաշատը դեմ են քվեարկել ՀԱԿ անդամները

ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ առաջնորդը, ամենաշատը դեմ են քվեարկել ՀԱԿ անդամները

5-րդ գումարման Ազգային Ժողովի նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա բացակայել է 64 ԱԺ նիստերից: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի աշխատանքը մոնիտորինգի ենթարկող ParliamentMonitoring.am կայքը:

Ամենաշատ բացակայողների հնգյակում գերակշիռ մասը ԲՀԿ խմբակցության անդամներն են՝ 5-ից 4-ը: Բացակաների թվով 3-րդը Գուրգեն Արսենյանն է՝ 46, չորրորդը Մուրադ Գուլոյանը՝ 45, հինգերորդը՝ Կարո Կարապետյանը՝ 44:

Առաջին հնգյակում միակ պատգամավորը, ով չի ներկայացնում ԲՀԿ խմբակցությունը, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն է, ով 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ընթացքում երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Նա բացակայել է 57 անգամ:

Խորհրդարանում ամենից շատ կողմ են քվեարկել ՀՀԿ-ի պատգամավորները: Նրանցից 14-ը կողմ են քվեարկել 63 օրինագծերի: Նույնքան անգամ կողմ է քվեարկել նաև ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:

Ամենից շատ դեմ քվեարկածների շարքում առաջատարները ՀԱԿ խմբակցության անդամներն են: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել 25 օրինագծի, Լևոն Զուրաբյանը և Լյուդմիլա Սարգսյանը՝ 23-ի, Գագիկ Ջհանգիրյանը՝ 21-ի: Հնգյակը եզրափակում է Արամ Մանուկյանը` 14 «դեմ»-ով:

Ամենից շատ ձեռնպահ է քվեարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ 32: Երկրորդ և երրորդ տեղերում նույնպես ՀՅԴ-ականներն են. Արմեն Ռուստամյանը 31 անգամ է ձեռնպահ եղել, իսկ Արմեն Բաբայանը՝ 27:

Արծվիկ Մինասյանը նաև ամենաակտիվ պատգամավորն է: Քննարկումների ժամանակ նա 16 հարց է ուղղել, ինչպես նաև հանդես է եկել 12 ելույթներով: ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը 14 հարց է ուղղել և 5 անգամ ելույթ է ունեցել: Անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը 14 հարց է տվել և 4 անգամ ելույթ է ունեցել: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը 6 հարցի հեղինակ է: Նա նաև 10-ն անգամ ելույթ է ունեցել: