Home / Հայաստան / Գերակումբները կհանդիպեն միմյանց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում

Գերակումբները կհանդիպեն միմյանց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում

Այսօր շվեյցարական Նյոնում կայացած Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլի վիճակագրությունը մի քանի ֆանտաստիկ զույգ ի հայտ բերեց:

Իտալական «Միլանը», որը 21-րդ դարում 2 անգամ է նվաճել Լիգայի գավաթը, մրցելու է վերջին 7 տարվա ընթացքում Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող «Բարսելոնայի» հետ:

Մադրիդի «Ռեալի» առաջատար պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն հնարավորություն կունենա վերադառնալ «Օլդ Տրաֆորդ», որտեղ նա փայլել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Ռեալի» և «Յունայթեդի» հակամարտությունը, անկասկած, զարդարելու է 1/8 եզրափակիչ փուլը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաշ Պոդոլսկին, ով խաղում է Լոնդոնի «Արսենալում», նույնպես կհանդիպի իր նախկին թիմի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ:

Հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ակումբին՝ Դոնեցկի «Շախտյորին» ծանր փորձություն է սպասում՝ ի դեմս Գերմանիայի վերջին երկու տարիների չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի», որն այս մրցաշրջանում հիանալի է հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում:

Մյուս 4 զույգերը կազմել են՝ Պորտու-Մալագա, Սելտիկ – Յուվանթուս, Գալաթասարայ-Շալկե, Վալենսիա-Պարի Սեն-Ժերմեն: