Home / Հայաստան / Առողջապահության նախարարությունը դատապարտել է ծննդատանը բժշկի ծեծի դեպքը

Առողջապահության նախարարությունը դատապարտել է ծննդատանը բժշկի ծեծի դեպքը

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է «Սեբաստիա» բժշկական կենտրոնի «Էլեն-Նարե» ծննդատանը տեղի ունեցած դեպքը:

«Որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ի գիշերը «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 21-ամյա Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 26-ամյա Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:

Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերի, ինչպես նաև բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արձանագրված ամեն մի փաստի առթիվ։

Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Բուժաշխատողներին կոչ ենք անում չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու բուժաշխատողներին` կատարելու իրենց մարդասիրական գործը և մասնագիտական պարտքը, հաշվի առնելով, որ դրանով առաջին հերթին վտանգում են իրենց իսկ հարազատի բուժումն ու անգամ կյանքը։ Նման երևույթներն անառողջ և անվստահության մթնոլորտ են ստեղծում», – ասված է հայտարարության մեջ: