Home / Հայաստան / «Ռեժիմը որպես ազգային գոյության իրական վտանգ». բանաձև

«Ռեժիմը որպես ազգային գոյության իրական վտանգ». բանաձև

«Հայաստանը շարունակում է կանգնած մնալ ճակատագրական մարտահրավերների առջև։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով  ձեւավորված ավազակապետական ռեժիմը ավելի ու ավելի է առարկայանում՝ որպես իրական վտանգ Հայաստանի ոչ միայն պետականությանը, այլև ազգային գոյությանը»։ Այսպես է սկսում Հայոց Համազգային Շարժման 17-րդ համագումարի բանաձևը:

«Իշխանության ներկայացուցիչները և պետական կառույցները քաղաքացու համար ապահովության և իրավունքի գրավական լինելուց վերածվել են նրան իրավազրկող ու թալանող միջոցի։ Գործող ռեժիմն իր գիշատիչ բնույթով, ըստ էության, վտանգում է հասարակական բոլոր խավերի գոյությունը։ Շարունակում է խորանալ սոցիալական բևեռացումը. հասարակության մեջ, մի կողմից, ավելանում է աղքատների տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ նեղանում է ունեւոր բեւեռի թվակազմը, եւ աճում նրա հարստությունը։ Ավազակապետական ռեժիմն իր ներքին տրամաբանությամբ, երկրի ռեսուրսների եւ հասարակության լայն շերտերի կողոպուտով չբավարարվելով՝ թիրախ է դարձրել մյուս խավերին։ Հոգեվարքի շեմին է հասել գյուղացիությունը, գյուղական աշխույժ շեները վերածվել են կիսակենդան ուրվական-բնակավայրերի։ Վտանգված, եթե չասենք՝ ոչնչացված է միջին խավը՝ երկրի պետականության, ժողովրդավարության եւ ազգային զարգացման մյուս կարեւորագույն հասարակական բաղադրիչը։ Մտավորականության լայն շերտեր, օգտագործված լինելով որպես  ընտրախախտումների ու կեղծարարության միջոց, կորցրել են իրենց համարումը և հասարակությանը կողմնորոշելու դերը», – նշում են բանաձևի հեղինակները։

Նրանք ընդգծում են, որ մի կողմից՝ ժողովրդի մեծագույն մասի ծանր սոցիալական պայմանները, մյուս կողմից՝ անընդհատ թափ հավաքող արտագաղթը անդառնալի փոփոխություններ են առաջացնում ժողովրդագրության մեջ.

«Վերջին հինգ տարում արտագաղթի ծավալն, անգամ պաշտոնական տվյալներով, հատել է 200.000-ի սահմանագիծը։ Ակնհայտ փոփոխություն է կրել արտագաղթողների սոցիալական կազմը. սոցիալապես անապահով շերտի հետ միասին երկիրը զանգվածաբար լքում են միջին խավի, ընդհուպ՝ նշանակալի բիզնեսի ներկայացուցիչները։ Արտագաղթի դրդապատճառների մեջ ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում ոչ սոցալական շարժառիթները`իրավունքի և օրինականության բացակայությունը, հեռանկարի անորոշությունը։ Արտագաղթի պատճառներից էր անապահովության, վտանգվածության զգացումը, որն ավելի խորացավ Մարտի 1-ի ոճրագործության և իշխանության կողմից դրա պարտակման հետևանքով: Լինի աղքատության խորացմամբ, թե օրինականության և իրավունքի բացակայությամբ ու վտանգվածությամբ, երբ մարդն ստպված, հարկադրված է թողնում հայրենիքը, նշանակում է, թե գործ ունենք ոչ թե պարզ արտագաղթի, այլ բռնագաղթի հետ։ Այդ բռնագաղթի խթանումը ռեժիմի համար պետական քաղաքականության մաս է՝ հանուն իշխանության պահպանման, և դա մեկ անգամ չէ, որ խոստովանել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները»։

ՀՀՇ համագումարի բանաձևում նշված է, որ սեփական ժողովրդին երկրից քշելու և երկրի ազգային շահերը աշխարհի հզորներին աճուրդի հանելու գնով է գոյատևում ավազակապետական ռեժիմը, որի դեմ ամենօրյա պայքարի վերջին ռաունդը բոլորել է իր 5 տարին։

«Սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդից ընտրված օրինակարգ իշխանության հաստատման այդ պայքարում Հայոց համազգային շարժումը Հայ Ազգային Կոնգրեսի կազմում եղել է առանցքային ուժերից ու առաջամարտիկներից մեկը։ Վարչախմբի դեմ մղվող համաժողովրդական այդ պայքարն է, որ աճեցրել է քաղաքացիական հասարակության առողջ մի կորիզ, էականորեն սահմանափակել է վարչախմբի ախորժակը՝ փոփոխությունների հույս արթնացնելով՝ հնարավորինս արգելակել արտագաղթը և պետականության հիմքերը քայքայող մյուս գործընթացները։ Չնայած իր փոքրաթիվ լինելուն՝ Ազգային Ժողովում և երկրի քաղաքական կյանքում շատ մեծ դերակատարում է ստանձնել Հայ Ազգայն Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը։

Գործող ռեժիմի դեմ պայքարի ու սահմանադրական կարգի վերականգնման միակ ճանապարհը համաժողովրդական համախմբումն է, խնդիր, որ լուծմանը վերջին հինգ տարում ձգտել ու հնարավորնս մոտեցել է Հայ Ազգային Կոնգրեսը։ Ուստիև համագումարը լիակատար հավանություն է տալիս կուսակցության գործունեությանը Հայ Ազգային Կոնգրեսի կազմում։ Համագումարը հանձնարարում է ՀՀՇ նորընտիր վարչությանը շարունակել նույն քաղաքական ուղեգիծը», – ասված է բանաձևի տեքստում, որի հեղինակները նշում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում «հնարավոր է գտնել այն ամենաարդյունավետ միջոցները, որոնք կբերեն ռեժմի վախճանին և սահմանադրական կարգի վերականգնմանը»։