Home / Հայաստան / Պատասխանը երկու օրից. Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին չհայտնեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատասխանը երկու օրից. Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին չհայտնեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում բաժանումները քիչ չեն եղել, այժմ էլ որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են բաժանում մտցել ազգի մեջ, ինչը շատ վտանգավոր է:

Այս մասին այսօր ՀՀՇ համագումարին իր ելույթում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Մեր ազգը փորձում են բաժանել արևմտամետերի և արևելամետների: Երբ որևէ քաղաքական ուժ իր ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ նրան համարում են հակառուս: Երբ մեկը Ռուսաստանի հետ է հույսերը կապում, համարում են, որ մերժում է արևտյան արժեքները», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական կողմնորոշումները չի կարելի միանշանակ գնահատել:

Արժեքային համակարգի տեսակետից Հայաստանը բաժանել երկու մասի նշանակում է խախտել երկրի Սահմանադրությունը:

«Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան: Նրանք խոսում են իբր արժեքներից, բայց դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան գաղափարական:

Նույնը վերաբերում է նաև ռուսաստանամետ ուժերին: Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Արևելք: Ո՞վ ասեց:

ՀՀՇ-ի գաղափարախոսության հիմքում ընկած է այն, որ մենք մերժում ենք հավերժական երդում որևէ գերտերության, որովհետև միակողմանի դիրքորոշումը ստեղծում է մի քանի բարեկամներ, բայց շատ թշնամիներ», – ասել է Տեր-Պետրոսյանը:

Որպես օրինակ նա հիշատակել է Իսրայելը, որը, արևմտամետ դառնալով, շատ թշնամի հարևաններ է ձեռք բերել:

«Հայաստանը քիչ թշնամիներ չունի, որ մի քանիսն էլ ավելացնի: Երկրի դավանանքը պետք է լինի այն,որ Հայաստանը հակաամերիկյան կամ հակառուսական չպետք է լինի», – նշել է ՀՀ առաջին նախագահը:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ «ահավոր նիհիլիզմ է» ենթադրել, թե հայաստանցիները չեն կարող իրենց ներքին խնդիրները լուծել:

«Ոչ Յուշչենկոն, ոչ Սահակաշվիլին Արևմուտքի հրամանով չեն եկել իշխանության: Նրանք կարողացել են միավորել ընդդիմությունը, հետո դարձել են քաղաքական գործոն: Ասել, թե Ամերիկան Յուշչենկոյին կամ Սահակաշվիլիին բերել է իշխանության՝ անլուրջ է… Էստեղ կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե լեզու գտնեն արտաքին ուժերի հետ, իրենք լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան: Դու նախ էստեղ դարձի լիդեր, որից հետո քեզ հետ էնտեղ հաշվի կնստեն…

Հիմա, իհարկե, դուք ուրիշ բան եք ինձանից սպասում, ես ձեր գլխին դասախոսություն եմ կարդում: Ես նամակ եմ գրել բոլոր գերտերություններին, հիմա ես իրենց նամակին եմ սպասում՝ մինչև նրանց հավանությունը չստանամ, չեմ կարող ասել (Լևոն Տեր-Պետրոսյանն այս խոսքերի ժամանակ ժպտում էր, ներկաները սկսել են ծիծաղել և ծափահարել): Մի երկու օրից իմ պատասխանը կստանաք», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը: