Home / Հայաստան / Բագրատյանը կարող է իր շուրջը հավաքել ազատական արժեքներ կրողներին. Արզումանյան

Բագրատյանը կարող է իր շուրջը հավաքել ազատական արժեքներ կրողներին. Արզումանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն ուրախ է, որ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը կարողացավ իր ինքնուրույնությունը պահպանել:

Այս մասին Արզումանյանը հայտարարել է «Ազատություն» կուսակցության համագումարում հնչեցրած իր ելույթի ընթացքում: Հիշեցնենք, որ Բագրատյանն այսօր հայտարարել է նախագահական ընտրություններին առաջադվելու մասին:

Արզումանյանը նշել է, որ Բագրատյանի նախագահած կուսակցությունն այն ուժերից է, որ կրում է ազատական արժեքներ և կարող է իր շուրջը հավաքել այդ համամարդկային արժեքները կրող բոլոր մարդկանց: Նա ասել է, որ արժեքների շուրջ միախմբումը կարևոր է, քանի որ այս պահին Հայաստանի առջև խնդիր կա՝ որոշել, թե ինչ տիպի պետություն ենք ուզում կառուցել: Արզումանյանի խոսքով՝ դա է առաջնային խնդիրը, այլ ոչ թե այն, թե ինչ ուղով այն կգնա՝ արևմտյան, թե արևելյան կողմնորոշում կընտրի:

Համագումարին Հրանտ Բագրատյանի առաջադրումից հետո ներկա ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը և Կանաչների կուսակցության առաջնորդ Արմենակ Դովլաթյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ իրենք պատրաստ են սատարել Բագրատյանին նախագահական ընտրությունների ժամանակ այն դեպքում, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրում իր թեկնածությունը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր ՀՀՇ համագումարին, որ իր որոշման մասին կհայտնի երկու օրից: