Home / Հայաստան / «Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքը». Փաշինյանը գրել է՝ ինչու է դեմ ՀԱԿ-ի դիրքորոշմանը

«Տեր-Պետրոսյանի անձնական կարծիքը». Փաշինյանը գրել է՝ ինչու է դեմ ՀԱԿ-ի դիրքորոշմանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրել է «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածի առաջին հատվածը, որում նա բացատրում է իր վերաբերմունքը 2011 թվականին ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը և 2012-ի ընթացքում Կոնգրեսի կողմից իրականացվող ԲՀԿ-ի հետ համագործակցության քաղաքականությանը: Փաշինյանն այդ գործընթացն անվանում է «քաղաքագիտական վերլուծություն»: Այդ արտահայտությունն առաջին անգամ 2011 թվականի նոյեմբերի 25-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հակասությունների մասին:

Փաշինյանի հոդվածի երկրորդ և երրորդ մասերը տպագրվելու են «ՀԺ»-ի հաջորդ երկու համարներում:

ՀԱԿ պատգամավորը նշում է, որ տոների ընթացքում Facebook սոցիալական ցանցում ՀԱԿ-ի իր մի շարք գործընկերները 2011 թվականին տպագրված իր հոդվածներից հատվածներ են մեջբերել՝ ցույց տալով, որ այն ժամանակ նա կողմ է եղել երկխոսությանը, մինչդեռ այժմ դա սխալ է համարում:

«Հարցը, ուրեմն, երկու մասից է. ինչու եմ ժամանակին պաշտպանել երկխոսությունը և ինչով է այն դարձել սխալ հետագայում:

Եվ ուրեմն՝ երկխոսությունը պաշտպանել եմ, որովհետև՝

Դա խնդիր-պարտավորություն էր, որ ամրագրված է Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադիր հռչակագրում՝ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 1-ին: Այդ փաստաթղթում ասվում է.

«Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.

– Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.
– Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում.
– Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում.
– Առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում.
– Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում»։

Այսինքն, երկխոսությունն այն հինգ խնդիրներից մեկն էր, որ հիմնադրման օրից հռչակել էր Հայ Ազգային Կոնգրեսը։ Ինքս, ի դեպ, այդ փաստաթղթի ձևավորմանը չեմ մասնակցել հայտնի պատճառներով», – գրում է Փաշինյանը:

Ներկայացնելով իր որոշման երկրորդ պատճառը՝ Փաշինյանը նշում է, որ երբ 2011 թվականին բանտից ազատ է արձակվել ու ներգրավվել Հայ Ազգային Կոնգրեսի գործերում, ակնհայտ է եղել, որ Կոնգրեսի շտաբում երկխոսության շուրջ կոնսենսուս է եղել, և համոզմունք, որ դա ճիշտ ընթացք է: Փաշինյանի խոսքով՝ նման պայմաններում ինքը չէր կարող խափանել կոնսենսուսի մթնոլորտը:

«Երկխոսության հետ կապված իմ առաջարկությունները Կոնգրեսի շտաբում եղել են երկչոտ՝ առաջին հերթին հենց այդ պատճառով: Որևէ պայմանով չէի կարող խզել կոնսենսուսը, որովհետև երեքուկես տարվա բացակայության արդյունքում առաջացած բացը թույլ չէր տա համոզվածություն ունենալ, որ ճիշտ եմ վարվում: Այս պայմաններում միակ բանական որոշումը, որ կարող էր լինել՝ հետևյալն էր.

ա) պաշտպանել որոշումը, որի իրավացիության մեջ թիմը համոզված է

բ) փորձել պրոցեսը լցնել բովանդակությամբ, որ պատասխան կտա բոլոր մտահոգություններին և մտավախություններին:

Երկխոսության շրջանի գրված իմ բոլոր հոդվածները հենց սրա արտահայտությունն են, և դրանք բոլորը, առանց բացառության, ունեն «հեղափոխական» բովանդակություն: Եթե այդ բոլոր հոդվածների ասելիքը ներկայացնելու լինենք մեկ նախադասությամբ, կստանանք հետևյալ ձևակերպումը. «Եթե հնարավոր չլինի արտահերթ ընտրությունների հասնել երկխոսությամբ, մենք դա կանենք Ազատության հրապարակով»», – գրում է Փաշինյանը:

Այնուամենայնիվ, նա նաև ընդգծում է, որ երկխոսության ընթացքում ինքը հասկանում էր, որ ընդդիմությունը կորցնում է մարդկանց վստահությունը, որովհետև նրանք համարում են, թե ՀԱԿ-ը գնում է ինչ-որ կուլիսային գործարքի:

«Նաև այս է պատճառը, որ երկխոսության համատեքստում իմ հոդվածների ռիտորիկան գնալով ավելի ու ավելի արմատական էր դառնում, վախենում էի, որ կկորցնենք Ազատության հրապարակը: Ասեմ նաև, որ հետագա իրադարձությունների ընկալման տեսակետից կարևոր է մեջբերում անել նաև Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից.

«Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»», – նշում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դա ասվել էր 2011 թվականի հունիսի 30-ի հանրահավաքին:

Հոդվածագիրն ընդգծում է, որ տվյալ մեջբերումը կարևոր է, քանի որ դա ցույց է տալիս, որ երկխոսությանը հաջորդող գործընթացների մասին իր պատկերացումները համընկնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների հետ:

«Այս պայմաններում իմ դիրքորոշումը պիտի լիներ հենց այնպիսին, ինչպիսին կար: Եվ ի վերջո, կար թիմ, ես թիմի անդամ լինելով՝ պարտավոր էի խաղալ թիմի հետ, թիմի մարտավարության տրամաբանությամբ:

Հենց այստեղ է, ահա, որ անխուսափելիորեն ծագում է հաջորդ հարցը: Իսկ ինչու այդ նույն թիմային տրամաբանությամբ չվերաբերվեցի քաղաքագիտական վերլուծությանը: Պատասխանը պարզ է. դա թիմի որոշումը չէր, Տեր-Պետրոսյանն ինքը դա ներկայացրել է որպես իր անձնական կարծիք, և միայն հրապարակումից հետո փորձ է արվել այն ձևակերպել որպես թիմի որոշում, ինչը ոչ միայն չի հաջողվել, այլ հանգեցրել է ծանր հետևանքների: Հենց այս հետևանքների անխուսափելիության գիտակցումն էր, որ ինձ ստիպեց մնալ «քաղաքագիտական վերլուծությանը» ընդդիմադիր դիրքերում, և մաքսիմալ ջանքեր գործադրել, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, տեղի չունենա:

2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո հայտարարվեց, թե ԲՀԿ-ի չանդամագրվելը կոալիցիային նշանակում է, որ քաղաքագիտական վերլուծության արդյունքում իշխանական մոնոլիտը ճաքեր է տալիս: Չգիտես ինչու չէր նկատվել, որ նույնի հետևանքով շատ ավելի խոշոր և անդառնալի ճաքեր է տվել Հայ Ազգային Կոնգրեսը», – գրել է Փաշինյանը: