Home / Հայաստան / ««Երևանսիթիների» ճանապարհով». Ո՞ւմ է ձեռնտու նոր հարկը ատամնաբուժական ոլորտում

««Երևանսիթիների» ճանապարհով». Ո՞ւմ է ձեռնտու նոր հարկը ատամնաբուժական ոլորտում

2013 թվականի սկիզբը տհաճ անակնկալներ է մատուցել ատամնաբուժարանների ղեկավարներին և ատամնաբույժներին: Այլ հարկերից բացի, այժմ ատամնաբույժները ստիպված են վճարել 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար: Նոր օրենքը լուրջ դժգոհություն է առաջացրել ատամնաբույժների և մասնավոր կլինիկաների սեփականատերերի շրջանում, որոնցից մի քանիսի հետ զրուցել է Epress.am-ը: Զրուցակիցներից ոչ ոք չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի:

Կլինիկաների տնօրեններից երկուսը պատմել են, որ ատամնաբույժներին արդեն հիմա պարտադրվել է վճարել հունվար-փետրվար ամիսների աթոռի վարձը:

Նրանցից մեկն էլ հիշեցրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խոստացել էր անդրադառնալ առողջապահության մասին նոր օրենքի լրացումներին գարնանը, սակայն այն, որ ատամնաբույժների մասով օրենքը գործում է արդեն հիմա, վկայում է այն մասին, որ ճնշում է գործադրվում փոքր կլինիկաների վրա, իսկ նպատակն է ստիպել նրանց դուրս գալ շուկայից: Ատամնաբույժները նշել են, որ ճնշումները սկսվել էին դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից, երբ վերջին տարիների համատեքստում աննախադեպ խիստ ստուգումներ են անցկացվել, որոնք հանգեցրել են մի շարք մասնավոր կլինիկաների փակմանը:

«Այս նոր օրենքը ներկայացնելով՝  ասում են՝ չդժգոհենք, քանի որ վարսավիրանոցներում կամ կազինոներում աշխատողները ևս աթոռի համար հարկ են տալիս: Բայց սա հո մազ կտրել չէ, սա առողջապահություն է՝ պետական աջակցություն ունեցող ոլորտ: Առանց այն էլ տարբեր հարկեր ենք տալիս որպես մասնավոր կլինիկա: Այս աթոռի հարկը նման է սեփական տանդ մահճակալների քանակի համար համապատասխան վճար տալուն»,- ասել է փոքր կլինիկաներից մեկի բժիշկը:

Նա նշել է, որ եթե նույնիսկ ոմանք ելք գտնեն ու չփակեն իրենց գործը, ապա  այս փոփոխությունը կհանգեցնի ատամնաբուժական ծառայությունների գների բարձարցմանը, և դա տեղի կունենա արդեն հունվարին:

Երևանյան մի շարք կլինիկաների տնօրենները պնդել են, որ այս ամենը միտումնավոր է արվում:

Նրանցից շատերը կարծիք են հայտնել, որ այս ամենի հիմնավորումներից մեկը՝ «ջուր լցնել» ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ատամնաբուժական կենտրոնի ջրաղացին, որը, նրանց խոսքով, շուտով բացվելու է: Epress.am-ի զրուցակիցների խոսքով՝ այդ կենտրոնը ավելի հեշտ շուկա կմտնի, եթե մի շարք երևանյան կլինիկաներ փակվեն: Զրուցակիցներից մեկն էլ ընդգծել է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող կլինիկայի շուկա մտնելու մասին վարկածը լայնորեն շրջանառվում է ատամնաբույժերի շրջանում, բայց նոր հարկը կարող է լինել նաև մեկ այլ մարդու «պատվերը»:

«Ատամնաբույժները խոսում են «Նատալի ստոմ» կլինիկայի մասին: Բայց դա էական չէ: Կլինի Սամվել Ալեքսանյանը կամ մեկ այլ օլիգարխ, ակնհայտ է՝ ոլորտի վրա լուրջ ճնշում կա, և հնարավոր է մենաշնորհնի ստեղծում: Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ սովոր են նման դեպքերում ինչ-որ մեկի ստվերը որոնել, և դա նորմալ է»,- ասել է նա:

Նշենք, որ «Նատալի ստոմ» անունը կրող ատամնաբուժական կլինիկա այս պահին գրանցված չէ:

Բժիշկները նաև դժգոհել են այն փաստից, որ ատամնաբուժարանները, իրենց խոսքով, արհեստականորեն բաժանում են այլ առողջապահական հաստատություններից, նրանց համար ստեղծում են ակնհայտ վատ պայմաններ:

«Ցավում եմ, որ մեր ստոմատոլոգիան առողջապահությունից անջատել են, և մենք գնում ենք խաղատների, հարսանյաց սրահների ցանկով: Եթե առողջապահության նկատմամբ նման մոտեցում կա, այդ նույն սկզբունքը կազդեր նաև հիվանդանոցի մահճակալի վրա: Հաջորդը՝ ատամնաբուժարաններում ռենտգեն սարքի վրա դրել են նույն բազկաթոռի հարկը, այնինչ ռենտգենը հանդիսանում է օժանդակ դիագնոստիկ գործիք. դա առանձին գործունեություն չէ, այլ օգնում է բժշկին ախտորոշել: Թող նույն հարկը դնեն հիվանդանոցների ԿՏ-ի և յամեռի սարքերի վրա, որոնք ժամում երկու հիվանդ են հետազոտում, իսկ մեկ հոտազոտության արժեքը մինչև 100 հազար դրամ է, այնինչ ռենտգենն արժե 1000 դրամ: Նշեմ նաև, որ մեկ օրթոպեդին՝ պրոթեզիստին, հասնում է երեք ատամնատեխնիկ, ամեն տեխնիկական սեղանի վրա դրվել է 80 հազար հարկ, այսինքն պրոթեզիստը քառապատիկ պետք է վճարի այդ հարկը. տեխնիկը նստած իր գործն է կատարում, որ այդպես է, բերեք բուժքրոջ վրա էլ դրեք՝ նա էլ պլոմբ է շաղախում», -ասել է կլինիկաներից մեկի ղեկավարը:

Տնօրեններից մեկն էլ նշել է, որ իր կլինիկայի լավագույն բժիշկներից երկուսն արդեն ազատվելու դիմում են ներկայացրել:

«Սա աբսուրդ է, նման գրոհ մեր նկատմամբ ուղղակի չէինք պատկերացնում:Սրանով ստիպում են, որպեսզի մեծ կլինիկաները փոքրանան, երկրորդը՝ գործունեության 80 տոկոսը ստվերային է դառնալու: Վերջին մեկ շաբաթում երկու բժիշկ հրաժարվեցին աշխատանքից: Նրանք պարզապես ի վիճակի չէին մուծել տարածքի գումարը, ուր մնաց թե բազկաթոռի համար մուծում անեին: Չեք պատկերացնում՝ ինչպիսի զգացողություններ ունեին, երբ հեռանում էին: Նրանցից մեկը պարզապես ափսոսում էր, որ իր տարիների տանջանքը մի քանի օրում ջուրն ընկավ: Ասում էր՝ «ի՞նչ անեմ, կամ գիտական գործով կզբաղվեմ կամ էլ ընկերոջս հետ կփորձեմ խանութ աշխատեցնել»», -նշել է մեր զրուցակիցը:

Բժիշկներից մեկի խոսքով՝ ինքը նույնպես շատ շուտով կլքի իր գործընկերների շարքերը, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ աշխատել:

«Երկար տարիներ աշխատելով քաղաքի լավագույն կենտրոններից մեկում՝ այսօր կանգնել եմ սարսափելի ընտրության առաջ: Որքան ցավոտ էր, այնուամենայնիվ, որոշումս արդեն կայացրել եմ՝ հեռանալու եմ Հայաստանից: Եթե մեր երկրում մասնագետներին ճնշում ու ոչնչացնում են, ապա արտասահմանում գրկաբաց կընդունեն: Բոլորիս էլ պարզ է՝ ինչի համար է այս ամենն արվում. ժամանակին նման կերպ հարվածեցին  մանր խանութներին ու կրպակներին, փոխարենը սնկի պես աճեցին «Երևան-Սիթիները»:  Այդ նույն կրպակատերերը ստիպված աշխատանքի անցան «Սիթիների ցանցում», դառնալով չգիտեմ որերորդական կարգի աշխատողնոր, հիմա էլ նույնը մեզ է սպառնում», -ասել է բժիշկը:

Կենտրոններից մեկի ղեկավարն էլ շեշտել է, որ ատամնաբուժական աթոռը և սարքերը շատ բժիշկների համար դարձել է վերջին օրերի մեծագույն չարիքը:

«Մարդիկ չգիտեն՝ հարկերը տան, վարկերը տան: Միակ ճանապարհը Հանրապետությունից գնալն է, ընկերներիցս մեկը փակել է իր մասնավոր կլինիկան ու չի կարողանում անգամ վաճառել, հետո նոր հեռանալ Հայաստանից: Բազկաթոռի գինը արդեն դարձավ փոշի, որովհետև գնորդ չկա: Անձամբ ես՝ վարձակալել եմ կլինիկայի տարածքը: Գույք կա, որ լիզինգով վերցրել ենք՝ 5 տարվա պայմանագրով, բա դրանք ո՞նց ենք փակելու: Բազկաթոռ ունեմ, որ 2000 դոլարով եմ գնել, հիմա 100 հազար դրամով չեմ կարողանում վաճառել», – բողոքել է մեր զրուցակիցը:

Բժիշկներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ նոր որոշումը չի ազդելու այն կլինկաների վրա, որոնք աշխատում են աստղաբաշխական թվերով:

«Եթե մենք էլ մեկ պլոմբանյութը դնենք 50 հազար դրամով, մեզ էլ չի խանգարի, բայց մենք չենք կարող նման կերպ աշխատել: Մեր ժողովուրդը անտեղյակ է, որ խանութներում սնունդն արդեն թանկացել է 20-30 տոկոսով, շուտով մեր ծառայություններն էլ կթանկանան»,- ասել է մասնագետը: