Home / Հայաստան / «Վիրավորական հրաման». բողոքող ատամնաբույժներին ուղեկցել են նախագահական (ՖՈՏՈ)

«Վիրավորական հրաման». բողոքող ատամնաբույժներին ուղեկցել են նախագահական (ՖՈՏՈ)

Այսօր մի խումբ ատամնաբույժներ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում նոր օրենքի դեմ՝ համաձայն որի ատամնաբույժները, այլ հարկերի հետ մեկտեղ, ստիպված են վճարել 80.000-100.000 դրամ՝ յուրաքանչյուր ատամնաբուժական բոռ-մեքենայի համար:

«Շատ վիրավորական և մի ահավոր հրաման է ստորագրվել նախագահի կողմից, որն ապացուցում է, որ մենք հաստատ դեպի ապահով Հայաստան անցնելու ճանապարհ չունենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց աշխատանքի կայացման համար մեկ լումա անգամ այս պետությունը ներդրում չի արել»,- լրագրողների հետ զրույցում ասել է  30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող  բժիշկ-ստոմատոլոգ Մայրանուշ Բարսումյանը:

Խոսելով որոշման մասին՝ կինը մեջբերել է Գարեգին Նժդեի խոսքերը՝ որքան սոցիալապես ապահով է հասարակությունը, այնքան զորեղ է հայրենիքը: Բժշկուհու խոսքով՝ դա պետք է հիշի Հանրապետական կոսակցությունը, որն իրեն նժդեհական է համարում:

«Մենք այսօր մեր երկրում ոչինչ մեզանից չենք ներկայացնում: Մի քանի հոգի հավաքված կայացնում են որոշումներ, խաղում են մարդկային ճակատագրերի, աշխատատեղերի հետ: Ինչո՞ւ ես պիտի չաշխատեմ նրա համար, որ ինչ-որ մեկը այնտեղ վերևում հրաման է ստորագրել: Ո՞վ է թույլ տվել ոտնահարել մեր սահմանդրական իրավունքները: Դու չես ստեղծել իմ աշխատատեղը, դու չես ապահովել ինձ աշխատանքով, ո՞վ է  իրավունք տվել հարկային դաշտին, որ մտնի որոշում կայացնի ու 80 000 էլ ավելացնի: Ինչո՞ւ»,- ասել է ատամնաբույժը:

Ակցիայի ընթացքում ատամնաբույժներին են մոտեցել մի քանի ոստիկաններ և տեղեկացրել, որ իրենց նախագահականում կընդունեն: Բժիշկներից մի քանիսին ուղեկցել են դեպի նախագահական նստավայր:

Ատամնաբույժներից Գայանե Պանրիկյանը ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախագահականում իրենց ընդունել է նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը: Վերջինս գրանցել է  ատամնաբույժների բողոքը և խոստացել մի քանի օրից պատասխանն ուղարկել: