Home / Հայաստան / Քաղաքական ուժերը շահ ունեին «Մատաղիսի գործում», կարծում է սպանված զինվորի մայրը

Քաղաքական ուժերը շահ ունեին «Մատաղիսի գործում», կարծում է սպանված զինվորի մայրը

Մատազիսում սպանված երկու զինվորներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի հարազատները համաձայն չեն ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի հետ, որով 8 տարի շարունակ գործով երեք մեղադրյալներն անմեղ են ճանաչվել: Այս մասին Ռոման Եղիազարյանի մայրը, հորեղբայրը և հորաքույրը հայտարարել են այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե մարդը ոչինչ չգիտի, ինչքան էլ նրան խոշտանգեն, չի ասի, որ սպանություն է կատարել, չի նկարագրի՝ մանրամասնությամբ ոնց են ծեծել տղաներին, որ բոյով տղայի դին որտեղ է գցել, կոլոտինը՝ որտեղ,  չի կարող ասել, որ բոյովը բարբառով էր խոսում, գյուղացի էր, կոլոտը՝ քաղաքացի»,- ասել է Ռոմանի մայրը:

Հարազատները լրագրողներին ցույց են տվել մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը:  Ըստ Ռոմանի հորեղբայր Արթուր Եղիազարյանի՝ տեսաձայնագրության մեջ երևում է, որ որևէ խոշտանգման հետք Ռազմիկ Սարգսյանի վրա չկա: Եղիազարյանի խոսքով՝ մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի ծնողները, ովքեր  համարում են, որ կասկածյալների արդարացումը ճիշտ էր և պետք է իրական մեղավորներին փնտրել, «100%-ով ծախվել են»:

Արթուր Եղիազարյանն ասել է, որ սպանությունից քիչ անց իրենց այցելել է Հովսեփ Մկրտումյանի հայրը՝  Մովսեսը, և խնդրել միասին գնալ Գյումրի՝ կասկածյալների հարազատների հետ խոսելու: «Ոմն Վաչիկն էլ է եկել մեր տուն, հետո գնացել է քրոջս տուն՝ խնդրել է, որ համոզի համաձայնության գանք իրանց հետ: Որևէ գին չի հնչել: Բայց ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել: Մենք մեր երեխու արյունը չենք վաճառում: Մենք չենք ուզում՝ անմեղները տուժվեն, բայց գործը պետք է բացվի, չէ՞»,- ասել է Արթուր Եղիազարյանը:

Հարցին, թե արդյոք գործի բացահայտում են ուզում, թե երեք նախկին կասկածյալների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի դատապարտում, Եղիազարյանը պատասխանել է, որ իրենք վստահում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրած մեղադրանքին, որ Սարգսյանը չէր կարող սուտ ցուցմունք տալ, ու որ 10 տարվա ընթացքում այլ կասկածյալներ ի հայտ չեն եկել:

Ռոմանի մայրն ասել է, որ կարծում է, որ իրենց որդիների գործով կասկածյալներն ազատ են արձակվել, քանի որ որոշ քաղաքական ուժեր, օրինակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, շահ ունեն դրանում, բայց թե ինչ շահ՝ Եղիազարյանը չի մանրամասնել:

Ռոմանի հարազատները վերաքննիչ բողոք են բերել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: