Home / Հայաստան / Քոչարյանը Սարգսյանին հիշեցրել է պարտավորությունների մասին. կարծիք

Քոչարյանը Սարգսյանին հիշեցրել է պարտավորությունների մասին. կարծիք

Կարիք չկա, անթույլատրելի է ղարաբաղցի բառից կառչել և մարզային, ծագումնային ինչ-ինչ տարբերությունների վրա քաղաքական վերլուծություններ անել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Բալանյանը, ում խնդրել ենք մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները:

Փորձագետի խոսքով՝ Քոչարյանը, լավ իմանալով նման չարաշահումների, սպեկուլյացիաների փորձերի մասին, բայց թերագնահատելով գիտակցված իդիոտիզմի աստիճանը մեզանում՝ այլ բան է նկատի ունեցել՝ ասելով ղարաբաղցի:

«Դա ավելի շատ համատեղ պայքարի, համատեղ անցյալի, ակունքների մասին հիշատակում է, քան թե կլանային ինչ-որ ակնարկ: Քոչարյանը շատ կազմակերպված մարդ է և նման բառի օգտագործումը նշանակում է ոչ թե Սերժ Սարգսյանին և իրեն մյուսներին ընդդիմացնելու փորձ, այլ անձամբ իր, իր կողմնակիցների և Սարգսյանի ու նրա կողմնակիցների անցյալի, և ինչու չէ այդ անցյալի նկատմամբ որոշակի պարտավորությունների մասին հիշեցում»,- ասել է Բալանյանը:

Այն հարցին, թե կարելի՞ է Քոչարյանի բառերից ենթադրել, որ իր և Սերժ Սարգսյանի թիմի միջև վերջին տարվա ընթացքում արծարծվող «հակասությունները» շինծու էին, քաղաքագետը պատասխանել է, որ դրանք շինծու չեն, այլ հարց է, որ դրանք անտագոնիստական չեն, ու միավորող հանգամանքներն ավելի շատ են, այդ թվում՝ և՛ նույն անցյալը, և՛ նույն քրեական դասակարգային համերաշխությունը:

«Մյուս նախագահական ընտրություններին, կարծում եմ, քրեական դասը կփորձի առաջադրել ի ուրախություն գավառամիտ տեղացիներին երևանցիներ Արմեն Աշոտյանին, Ռուբեն Հայրապետյանին, Տարոն Մարգարյանին, Մհեր Սեդրակյանին, վանաձորցի Տիգրան Սարգսյանին, լոռեցի Էդուարդ Շարմազանովին, արտաշատցի Հովիկ Աբրահամյանին, ապարանցի, գյումրեցի, կոնդեցի և այլոց, որ ոմանք լինեն երջանիկ իրենց թայֆայական մտածողության մեջ», – ասել է Բալանյանը՝  պատասխանելով հարցին, թե  «ղարաբաղցի նախագահ» ունենալու իշխանության տրամաբանությունն ինչ ելք է գտնելու հաջորդ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ արդեն Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանա առաջադրվել: