Home / Հայաստան / Աջակցություն Pussy Riot-ի մենակատարին. ակցիա Երևանում Ռուսատանի դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

Աջակցություն Pussy Riot-ի մենակատարին. ակցիա Երևանում Ռուսատանի դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

Այսօր Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ,  տեղի է ունցել բողոքի ակցիա, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Pussy Riot խմբի մենակատար Մարիա Ալյոխինային, ում ազատ արձակելու գործն այսօր քննվել է Բերեզնիկիի դատարանում: Հիշեցնենք, որ 2 տարի ազատազրկման դատապարտված Մարիային ազատ արձակելու հայցը բերվել է առ այն, որ նա հանդիսանում է փոքր երեխայի միայնակ մայր:

Ռուսաստանի դեսպանատան մոտ կազմակերպված ակցիայի մասին հայտարարություն չէր տարածվել,  միջոցառման նախաձեռնողները նույնիսկ ԶԼՄ- ներին չէին հայտնել, որ ակցիա են կազմակերպելու: Սակայն ոստիկանության աշխատակիցները տեղյակ էին ակցիայի մասին և հավաքվել էին դեսպանատան մոտ: Ոստիկանները հորդորել են ակցայի մասնակիցներին չանցնել փողոցը և չմոտենալ շենքին:  Ոստիկաններն ասել են, որ ակտիվիստների՝ Pussy Riot-ի համար կազմակերպված նախորդ ակցիայից հետո, դեսպանատան աշխատակիցները իրենց դժգոհությունն են հայտնել և խնդրել ոստիկանությանը, որպեսզի հետագայում նման ակցիաների դեպքում դեսպանատան շենքին մոտենալ թույլ չտրվի: Ակցիան կազմակերպվեց դեսպանատան դիմացի մայթին: Ակտիվիստները մոտ կես ժամ կանգեցին մայթին՝ «Свободу Pussy Riot» գրությամբ պաստառով, և հեռացան:

Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչները՝ Մարիա Ալյոխինան, Մարիա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել խուլիգանության մեղադրանքով՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: Սամուցևիչի հոդվածը հետագայում փոխվել է պայմանականի, և նա ազատ է արձակվել: