Home / Հայաստան / Եվրոպայում հասկանում են Եվրասիական միության հարցում Հայաստանի դիրքորոշումը. ՀՀԿ-ական պատգամավոր

Եվրոպայում հասկանում են Եվրասիական միության հարցում Հայաստանի դիրքորոշումը. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ պատվիրակությունը Բրյուսել կատարած այցի ժամանակ եվրոպացի դիվանագետներին ասել է, որ Հայաստանի համար Եվրաինտեգրման գործընթացը առաջնային նշանակություն ունի, սակայն Եվրասիական միության գրավչությունը Հայաստանի համար ևս քննարկման ենթակա չէ: Այս մասին պաշտոնական այցի ամփոփման ասուլիսին ասել է պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Epress.am-ի հարցին՝ արդյոք Բրյուսելում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն համագործակցության հնարավոր համատեղելիության հարցը:

«Եվրասիական միությունը դեռևս ձևավորված չէ, ուստի վաղ է խոսել դրան անդամակցելու մասին: Սակայն այդ միության մեջ Հայաստանը հետաքրքրվածություն ունի հատկապես տնտեսական առումով, քանի որ Եվրասիական միության ամենամեծ տնտեսական գործող ուժը, ներդրողը Ռուսաստանն է, իսկ այդ երկրի հետ մենք ունենք կայուն համագործակցություն»,- ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանով է պայմանվորված Եվասիական միության տնտեսական «յուրահատուկ» հետաքրքրությունը Հայաստանի համար:

Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը եվրոպացի դիվանագետները նորմալ են ընդունել:

Ըստ պատգամավորի՝ բոլորը հասկանում են, որ Հայաստանը և ցանկացած այլ սուվերեն երկիր իրավունք ունի որոշել՝ որ միության հետ ինչ հարաբերություններ ունենալ՝  ելնելով իր երկրի ազգային շահերից:

«Մնացած առումներով, եթե հակասություններ առաջանան Եվրասիական միության և Եվրամիության միջև հարաբերություններ հաստատելու համար, դրանք արդեն ընթացակարգային հարցեր կլինեն և ժամանակին լուծում կստանան»,- ասել է Զաքարյանը: