Home / Հայաստան / Բանակում բռնության հետևանքով մահերի թիվը 50%-ով նվազել է, պնդում է զինդատախազը

Բանակում բռնության հետևանքով մահերի թիվը 50%-ով նվազել է, պնդում է զինդատախազը

2012թ. զինվորական հանցագործությունների թիվը` 2011թ. ցուցանիշի համեմատ, նվազել է 21.2%-ով, իսկ 2010թ. համեմատ՝ 30%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը՝  հավելով, որ նման առաջընթացն արդյունքն է զինդատախազության և ԶՈՒ-ի սպայական անձնակազմի գործադրած ջանքերի:

Կոստանյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ զինվորական ծառայությունը կրելու կարգի խախտման  հետ կապված հանցագործությունների թիվը նվազել է 26.6%-ով, հատուկ ծառայությունը կրելու կարգի խախտումները՝ 24.1%-ով:

Կոստանյանն ասել է, որ ԶՈՒ-երում 2012 թվականի ընթացքում գրանցվել է 36 մահվան դեպք,  29 հանցագործության դեպք, որոնցից 9-ը՝ հակառակորդի կողմից:

Կոստանյանը դրական է համարել, որ բռնության հետևանքով հարուցված մահերի թիվը 50%-ով նվազել է:

«Հիմնականում մահերը հարուցվել են անզգուշության, անփութության հետևանքով, առողջական խնդիրների պատճառով: Օրինակ՝ 1 վթար ենք ունեցել, որի  հետևանքով մահացել է 4 մարդ, շփման գծի վրա՝ 12 մարդ»,- ասել է Կոստանյանը:

Նա հորդորել է հիշել, որ  զինվորական հանցագործությունների մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ թե դրանց հետևանքով սպանված մարդկանց թվի վրա, այլ հանցագործության փաստացի դեպքերի վրա:

Զինդատախազը հրաժարվել է պատասխանել առանձին գործերի մասին լրագրողների հարցերին: Սակայն, քանի որ կային բազում հարցեր աղմկահարույց Մատաղիսի գործի  մասին, Կոստանյանն ասել է, որ դեռ չեն որոշել՝ բողոքարկե՞լ գործով երեք մեղադրյալներին անմեղ ճանաչելու մասին դատարանի որոշումը, թե ոչ: Այն դիտարկմանը, թե բողոքարկման համար մնացել է մեկ օր, Կոստանյանն ասել է, որ դա էլ բավական է՝ քննարկելու և որոշելու համար:

Կոստանյանն ասել է, որ, համաձայն Սերժ Սարգսյանի խոստման, թե նոր դատախազը այլ գործելակերպ է որդեգրելու և բացահայտելու գործեր, որոնք փակ են մնացել նախորդ զինդատախազների օրոք, ինքը կարատել է այդ հանձնարարականը և շարունակում է կատարել, որպեսզի  բանակում անպատժելիության մթնոլորտը վերանա:

Զինդատախազը հրաժարվել է մեկնաբանել ԶՈՒ-ում  իրավիճակի մասին անկախ ՀԿ-ների կարծիքը՝ նկատելով, սակայն, որ այդ կարծիքը գրեթե չի տարբերվում պաշտոնական վիճակագրությունից:

Կոսնանյանն ասել է, որ, մասնավորապես, բժշկական ծառայության հետ կապված զորակոչիկների իրավունքների խախտումների մասին իրավապաշտպանների մտահոգությունը տեղին չէ, քանի որ իրավական բազան ամբողջական է, իսկ  ծառայությանը ոչ պիտանի մարդկանց զինակոչելու դեպքերի  բացահայտումներ եղել են, և սխալ քննության անցկացրած աշխատակցիների դեմ քրեական գործեր են հարուցվել: Զինդատախազը, սակայն, դժվարացել է նման գործի մեկ օրինակ բերել՝ ասելով, որ այդ վիճակագրությունը ասուլիսին ներկայացնել չէր նախատեսել: