Home / Հայաստան / «Խոստացել էին մեծ թվով գալ…». բողոքող կնոջը միացավ 7 հոգի

«Խոստացել էին մեծ թվով գալ…». բողոքող կնոջը միացավ 7 հոգի

Արդեն ավելի քան 200 օր նախագահական նստավայրի դիմաց նստացույց անող Էմմա Սահակյանն այսօր նորից ցանկացել է վրան տեղադրել Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի հարևանությամբ: Մի քանի անհատներ և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայցուցիչներ որոշել են աջակցել Սահակյանին:

Էմմա Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բնապահպան ակտիվիստներն իրեն խոստացել էին մեծ թվով ներկայանալ, սակայն Բաղրամյան փողոց էին եկել 7 հոգի:

«Քանի որ օրենք չկա, որը չթույլատրի, որ ես վրան տեղադրեմ, ես էլ ուզում եմ տեղադրեմ վրանը, և գիշերը ցրտից պաշտպանվեմ: Եվ ես սա միայն ինձ համար չեմ անում, այլև բոլորի», – ասել է Էմմա Սահակյանը:

Նրան աջակցելու նպատակով ավելի ուշ մոտեցել է իրավաբան, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

«Վրանի տեղադրման մասով ասեմ, որ եթե մենք այս երկրագնդի վրա ենք և մենք միացել ենք միջազգային կոնվենցիային, դրա համաձայն, մարդը իրավունք ունի բողոքելու բոլոր խաղաղ ճանապարհներով: Սա անարդարություն է ուղղակի մարդու հանդեպ: Կներեք, բայց պետք է ասեմ, որ հիմա եթե այստեղ մի շուն լիներ կամ մի ծիտիկ լիներ, դիմացի շենքի աշխատողները (նկատի ունի նախագահական նստավայրում աշխատողներին – խմբ.) անպայման կբերեին, այստեղ բույն կդնեին, կասեին՝ մենք բնասեր ենք, մարդասեր ենք: Կին է 75 տարեկան, և ունի բողոք, եթե դուք բողոքի ելքը օրինական ճանապարհով չեք կարողանում գտնել, դա մի այլ խնդիր է, բայց գոնե այս մարդու, մարդ արարածի կենսական պայմաններն ապահովեք: Ցրտին իրավունք չունի՞ վրան դնելու: Ունի իրավունք, որովհետև դա մտնում է մարդու բողոքելու իրավունքի մեջ», – ասել է Ռուզաննա Ղազարյանը:

Նա նշել է, որ ուրախացել է՝ տեսնելով Սահակյանին աջակցող երիտասարդներին, սակայն նրանք կարող էին ավելի շատ լինել:

Ղազարյանի խոսքով՝ հասարակությունը, մասնավորապես, երիտասարդները, Մաշտոցի պուրակի դեպքերից հետո նոր սկսում են արթնանալ:

«Դեռ երիտասարդների գիտակցությանը չի հասել էս վիճակը, սա տարեցների գիտակցությանը պիտի հասնի, որ տարեց կնոջը հարգեն: Օրենքի հարցը ուրիշ կողմ, բայց տարեց կնոջը պետք է հարգեն, ու եթե պիտի վրան դրվի՝ թող դրվի»,- նշել է Ռուզաննա Ղազարյանը:

Սահակյանը մինչև 13:00-ն վրան դնելու փորձ չարեց, քանի որ մոտ մեկ տասնյակ ոստիկաններ կանգնած էին նրա կողքին՝ պատրաստ թույլ չտալ վրանի տեղադրումը: Նախորդ անգամ Սահակյանի փորձը ոստիկանների կողմից կանխվել էր դեկտեմբերի 27-ին: