Home / Հայաստան / Զինվորական հոսպիտալում երկու օրում երկու զինվոր է մահացել

Զինվորական հոսպիտալում երկու օրում երկու զինվոր է մահացել

Երեկ՝ հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հակոբյանը, ում բանակ էին տարել աշնանային զորակոչի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Որպես երիտասարդի մահվան պատճառ է նշվում «հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո»:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հունվարի 17-ին նույն հոսպիտալում սիրտ-թոքային անբավարարությունից մահացել էր զինծառայող Արմենակ Մկրտչյանը: