Home / Հայաստան / «Կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո…». Բրիտանիայի դեսպանը՝ Հայաստանի քաղաքական վիճակի մասին

«Կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո…». Բրիտանիայի դեսպանը՝ Հայաստանի քաղաքական վիճակի մասին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում: Այս մասին իր բլոգի այս տարվա առաջին գրառման մեջ նշում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:

«Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:

Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում, ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով, մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:

Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա», – հարց է տալիս դեսպանը: Նա Հայաստանի իշխանություններին, պետական մարմիններին առաջարկում է հատկապես ուշադրություն դարձնել հետևյալ երեք ոլորտներին.

«Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:

Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:

Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներև լինել կամ իրավական հիմք ունենալ  քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ», – նշում է դեսպանը:

Քեթրին Լիչն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիան անհամբերությամբ է սպասում ընտրարշավին և հուսով է, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլև գաղափարախոսությունների միջև: