Home / Հայաստան / Դատախազի նախկին տեղակալը ձերբակալվել է ապացույցներ կեղծելու մեղադրանքով

Դատախազի նախկին տեղակալը ձերբակալվել է ապացույցներ կեղծելու մեղադրանքով

Քաղաքացի Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի վաղ կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը: Նրանք մեղադրվում են պաշտոնական դիրքը ճարաշահելու և ապացուցյներ կեղծելու մեջ:

Հիշեցնենք, որ 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 20:00-ի սահմաններում Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանը վիճաբանել էր Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի հետ: Ոստիկանության համաձայն, նրանք միմյանց նկատմամբ բռնություն են գործադրել, որից հետո Գրիգոր Պապյանին սպանել էին:

Ոստիկանությունը քննության արդյունքում պարզել էր, որ Գագիկ Դանիելյանը,  հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել ոմն Ն. Հ-ին, ով Դանիելյանի ուղղորդմամբ տվել է սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլև առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել:

Գործի քննությունը շարունակվում է: