Home / Հայաստան / Ցածր աշխատավարձը օլիգարխների հարստացման հիմքերից է. փորձագետ

Ցածր աշխատավարձը օլիգարխների հարստացման հիմքերից է. փորձագետ

Ցածր աշխատավարձը Հայաստանում ուղեկցվում է գործատուի բարձր շահույթներով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սամվել Ավագյանը, որին խնդրել ենք մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցրած այն դրույթը, որ մարդիկ Հայաստանից հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետևից, և «Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր»:

Սամվել Ավագյանը նշել է, որ ՀՀ նախագահի հարցազրույցում խոսք է գնում աշխատանքին համարժեք վարձատրության մասին:

«Օլիգարխների հարստության հիմքերից մեկը աշխատողների շահագործումն է՝ ցածր աշխատավարձով և աշխատանքի պայմանների բարելավման վրա ներդրումների բացակայությամբ: Ի վերջո՝ մարդը չպետք է աշխատի միայն սովամահությունից փրկվելու համար, անգամ եթե ոչ բարդ աշխատանք է իրականացնում: Կա նաև բարձր որակավորում պահանջող աշխատուժի խնդիր, որ առկա է ցանկացած երկրում, սակայն մեր երկրում այն նույնպես սրված է՝ ոչ համարժեք վարձատրության պատճառով», – նշել է փորձագետը:

Հարցին՝ ինչո՞ւ Կառավարության ծրագրում ընդգրկել հարյուր հազար աշխատատեղ ստեղծելու մասին դրույթ, Ավագյանը պատասխանել է, որ Կառավարության ծրագիրն անդրադառնում է ընդհանրապես աշխատուժի խնդիրներին:

«Սակայն պետք է վերապահումով մոտենալ այն ծրագրերին, որտեղ կառավարությունը աշխատատեղ ստեղծելու պարտավորություն է ստանձնում: Աշխատատեղ որպես կանոն ստեղծում է մասնավոր հատվածը, իսկ կառավարության հիմնական խնդիրը մասնավոր հատվածի համար պայմանների ստեղծումն է: Կառավարությունը, իհարկե, կարող է իրականացնել խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրեր (ատոմակայանի կամ երկաթուղու շինարարություն), կամ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրինակով՝ ֆինանսավորել հասարակական աշխատանքներ: Սակայն որքան տեղյակ եմ՝ նման խոշոր ծրագրեր առաջիկայում չեն մեկնարկի, ուստի ամբողջ հույսը բիզնեսի վրա է: Իսկ ունա՞կ է արդյոք բիզնեսը կարճ ժամկետում 100 հազար նոր աշխատատեղ ստեղծել՝ սա ավելի շուտ գուշակության ոլորտից է: Սա հնարավոր է 4-5 տարվա կտրվածքով, եթե համակարգաստեղծ 4-5 ձեռնարկություն սկսի ամբողջ թափով աշխատել, ինչպես «Նաիրիտը»: Այդ դեպքում՝ Հայաստանից ժամանակավորապես հեռացած աշխատուժի մի մասը կարող է նաև հետ վերադառնալ: Կամ էլ՝ գյուղատնտեսությունում առկա աշխատուժի որոշ ավելցուկը կարող է տեղափոխվել արտադրության ոլորտ», – նշել է Սամվել Ավագյանը:

Անդրադառնալով մեր հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը, ասելով, որ Հայաստանում որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել, նկատի է ունեցել նաև ստվերը, Ավագյանը հիշեցրել է, որ Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 120 հազար դրամ է, ընդ որում՝ մասնավոր հատվածի համար այն մոտենում է 150 հազար դրամին:

«Սրանք պաշտոնական տվյալներն են, որոնք չեն բացառում ստվերի առկայությունը: Բացի դա, էլի նույն պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձը զգալի տարբերվում է ըստ մարզերի և ըստ ոլորտների: Երևանում միջին աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, իսկ մարզերի մեծ մասում 100 հազար դրամից պակաս է, պատահական չէ, որ արտագաղթի մեծ մասը բաժին է ընկնում մարզերին: Բացի դա, կրթական ու սպասարկման ոլորտներում աշխատավարձերը զգալի ցածր են, իսկ ֆինանսական ու հանքարդյունաբերական ոլորտներում՝ զգալի բարձր (միջինի համեմատ), ու այդ համամասնությունն արդարացված չէ: Օրինակ՝ կրթական ոլորտում միջին աշխատավարձը 80 հազար դրամից ցածր է: Ընդհանրապես՝ տարբեր ոլորտների միջեւ աշխատավարձերի համամասնությունը Հայաստանում լուրջ հիմնախնդիր է վաղուց», – հավելել է փորձագետը: