Home / Հայաստան / Չծաղրել և չարժեզրկել. Նախագահի թեկնածուի հացադուլն ուղղված է հասարակությանը

Չծաղրել և չարժեզրկել. Նախագահի թեկնածուի հացադուլն ուղղված է հասարակությանը

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի հասցեատերը հասարակությունն է, որը պետք է դադարի պասիվ հետևել քաղաքական գործընթացներին և փորձի փոխել իրավիճակը՝ սկսելով քաղաքացիական շարժում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ղուկասյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ նախագահի թեկնածուն կդադարեցնի հունվարի 21-ին սկսած հացադուլը, եթե կատարվեն նրա 3 պահանջները:

Առաջին հերթին, Ղուկասյանը պահանջում է մերժել Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններին:

«Պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը, ՀՀԿ թեկնածու Սերժ Սրագսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպիսի ընտրություններն անցնեն օրինական ճանապարհով», – թեկնածուի պահանջն է հնչեցրել Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև վերահաստատել է Ղուկասյանի պահանջը՝ ուղղված  միջազգային դիտորդներին, այն է՝ լքել Հայաստանը և չճանաչել ընտրությունները: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասել էր, որ եթե գերտերությունները հետ կանչեն իրենց առաքելությունները Հայաստանից, սա կնաշանակի, որ իրենք ընդունում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, բնականաբար, նման իրադրության մեջ հացադուլը կդառնա անիմաստ, որովհետև ոչ ժողովրդավար պետությունից իմաստ չունի պահանջել ազատ ընտրություններ:

Ղուկասյանի երրորդ պահանջն ուղղված է նախագահի մյուս թեկնածուներին. վերջիններիս կոչ է արել միանալ քաղաքացիական շարժմանը:

Արմեն Գրիգորյանը լրագրողներին հորդորել է չծաղրել Անդրիաս Ղուկասյանի՝ ինքնազոհողություն ներկայացնող հացադուլը, այն չարժեզրկել և չթերագնահատել անհատի դերը՝ փոփոխություններին հասնելու ճանապարհին: