Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանին նամակ են գրել Անժելա Սարգսյանի նկարները տարածողի մասին

Սերժ Սարգսյանին նամակ են գրել Անժելա Սարգսյանի նկարները տարածողի մասին

«Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտում դատարանի վճռից, որով Կարեն Արայանը մեղադրվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:

Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջնական դատական ակտը դեռևս չի կայացվել, այդուհանդերձ, նախաձեռնության անդամները համոզված են, որ Հայաստանում դատական  համակարգը կաշկանդված է ինչ-որ անձանց կամայական որոշումներից, ինչի մասին, ըստ նամակի, վկայում է ինչպես  նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքը:

«Ի թիվս այդ խախտումների, դատարանի կողմից Կարեն Արայանին մեղադրության մասին հետևությունները հիմնվել են շահագռգիռ անձանց  ցուցմունքների, ենթադրությունների և կեղծ տեղեկությունների հիման վրա, իսկ ինչպես օրենսդիրն է պահանջել, մեղադրանքն  ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն  կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

Հիմա, երբ այս ամենը ի մի ենք բերում, համոզվում ենք, որ մեր պետությունը վեր է ածվում բռնատիրական պետության, որտեղ արդարությունը տեղ չունի: Իսկ դատավորները չհասկացան, որ իրենց ուղղակի փչացնում են  ինչ-որ դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ կայացնելով ապօրինի  դատական ակտ, ընդունում են այդ խաղի կանոնները: Մենք հասկանում ենք, որ  դուք ի պաշտոնե իրավասու չեք միջամտելու արդարադատության իրականացմանը, քանի որ քրեական գործով  դեռևս Վերաքննիչ քրեական դատարանը  վերջնական դատական ակտ չի կայացրել, և նման պատճառաբանությամբ կարող եք անհետևանք թողնել մեր դիմումը: Այնուամենայնիվ, մենք պարտավորված ենք  արդարադատոթյան  շահերից ելնելով և հանդես գալով  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրազեկելու Կարեն Արայանի նկատմամբ թույլ տրված օրենսդիրի և մասնավորապես ՀՀ Սահմանադրության  պահանջների կոպիտ խախտումները, իսկ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար դատավճիռ օրենքների պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարությունը, քանի որ արդարությունը առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ», – մասնավորապես, գրում են նամակի հեղինակները:

Վերջիններս Սերժ Սարգսյանին խնդրում են հաշվի առնել, որ Կարեն Արայանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել առերևույթ դատական սխալներ, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից` ապօրինություն, որը կոծկվել է դատարանների կողմից և կայացվել է ապօրինի դատական ակտ: