Home / Տեսանյութեր / Վրաստանն ազատ է արձակել հայ անջատողականի, վստահ է նախկին վարչապետը

Վրաստանն ազատ է արձակել հայ անջատողականի, վստահ է նախկին վարչապետը

Վրաստանի նոր իշխանությունները գաղտնի ազատ են արձակել երկրի պետականության դեմ պայքարի խորհրդանիշ Վահագն Չախալյանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ, Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քարտուղար Վանո Մերաբիշվիլին (լուսանկարում): Մեկնաբանելով հայազգի հասարակական գործչի ազատ արձակումը՝ Մերաբիշվիլին նշել է, որ վերջին տարիներին Չախալյանը հայկական անջատողականության գաղափարակիրն է եղել:

«Չախալյանը 2003-2008 թվականներին պայքարել է Վրաստանի ուժեղացման, ռուսաստանյան ռազմաբազաների երկրից դուրսբերման, Ջավախքի սոցիալական, քաղաքական և տնտեսական ինտեգրման դեմ», – ասել է Մերաբիշվիլին:

Նախկին վարչապետի խոսքով՝ Չախալյանը ռուսաստանյան հետախուզության անթաքույց էմիսարն է եղել:

«Չախալյանը Ջավախքում Վրաստանի պետականության համար մեկ թշնամին էր», – Մերաբիշվիլիի խոսքերն է փոխանցում «Georgia Online»-ը:

Սահակաշվիլիի զինակիցը հայտարարել է նաև, որ Վրաստանի նախագահի աշխատակազմը և երկրի Անվտանգության խորհուրդը Չախալյանի մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել համապատասխան մարմիններին, որից հետո նա, սակայն, ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ Չախալյանն ազատ էր արձակվել հունվարի 24-ին բանտում 4 տարուց ավելի անցկացնելուց հետո:

Նա ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել: