Home / Տեսանյութեր / «Վերջ հեքիաթին». Խաբված բնակարանատերերը ամեն օր գալու են նախագահական

«Վերջ հեքիաթին». Խաբված բնակարանատերերը ամեն օր գալու են նախագահական

«Որոշում՝ վերջ հեքիաթին» գրառմամբ պաստառով այսօր նախագահական նստավայրի մոտ նստացույց անցկացնող Արամի 72-80 շենքի խաբված մի խումբ բնակարանատերեր նշել են, որ ցանկանում են կրկին անգամ իշխանություններին հիշեցնել իրենց գոյության մասին:

Еpress.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ այսուհետ ամեն օր գալու են նախագահական նստավայր ու նստացույց են անցկացնելու՝ ի նշան տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների կողմից անտեսված բողոքի հիշեցման:

«Ողորմություն չենք ուզում, քանի որ մուրացկան չենք, մեր հասանելիքն ենք ուզում ու արդեն ոչ թե ուզում ենք, այլև՝ պահանջում: Բավական է, որքան հավատացինք, թե մեր իշխանավորները մի օր կփոխվեն ու խնդրին լուծում կտան: Մենք այլևս չենք վստահում որևէ իշխանավորի խոսքի, թող մեզ գրավոր փաստաթուղթ տան կառավարության կատարած քայլերի մասին», – ասել է ակցիայի մասնակից Անահիտ Պողոսյանը:

Նշենք, որ թվով 3 տասնյակ բնակարանատերեր երեկ առավոտյան գնացել են ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ հույս ունենալով անտեղ հանդիպել ՀՀ նախագահին, սակայն ավելի ուշ պարզել են, որ վերջինս գրասենյակ չի գալու:

«Հավաքվել էին մեծ քանակությամբ գյուղապետեր՝ վերջին նախընտրական հրահանգները ստանալու, նիստն էլ ղեկավարում էին Արմեն Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանը: Ժողովից հետո գյուղապետերը ընդգծված ցածր տրամադրությամբ հեռացան: Մեզ ասել էին, թե Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտին մեզ կընդունի, սակայն անվտանգության աշխատակիցները այննպիսի հարայ-հրոցով մեզ դուրս հանեց, որ աննկարագրելի է: Զարմացած հարցրեցի՝ «հետո էլ ասում եք՝ ժողովրդը ձեր կուսակցությունն է, ձեր ժողովրդի՞ց եք վախենում: Հետո էլ, երբ իմացանք, որ Աբրահամյանը մեզ չի ընդունելու, աղմուկն էլ շատացավ ու մեզ սկսեցին «դուրս հրավիրել», կատակեցինք, թե՝ «վախենում եք՝մուկն ու կատու խաղա՞նք», – Еpress.am- ին ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:

Վերջինիս խոսքով՝ ավելի ուշ իրենց ընդունել  է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանը:

«Ի տարբերություն մյուս վախկոտ իշխանավորների, Յոլյանը լսեց մեզ ու երբ ասացինք, որ կառավարությունը չի պատասխանում մեր նամակներին, ասաց, որ ապացույցներ բերենք: Ստիպված գնացի տուն, «բարաթները» տարա ու դրեցի Յոլյանի սեղանին: Վերջինս հիշեցրեց, որ օրը կիրակի է՝ ոչ աշխատանքային, ու խոստացավ 2 օրվա ընթացքում զանգ տալ», – պատմել է Մաղաքյանը: