Home / Հայաստան / Ինչո՞ւ են վիճում Նիսի հայերը. եկեղեցականն իր տեսակետն է հնչեցնում

Ինչո՞ւ են վիճում Նիսի հայերը. եկեղեցականն իր տեսակետն է հնչեցնում

Նիսի խնդիրները երեկ կամ այսօր չեն ծագել, Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր Հայր Գրիգորը, ով պատարագները մատուցում է Նիսի կաթոլիկ եկեղեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիսի հայ եկեղեցական համայնքում ծագած խնդիրների մասին Epress.am-ի հետ զրույցում իր տեսակետն էր ներկայացրել Նիսի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վարչության նախկին ատենապետ Զարեհ Մարտիրոսյանը, ում կարծիքով՝ համայնքի կյանքում բացասական դեր էր խաղացել Նիսի եկեղեցու նախկին քահանա Վաչե Այրապետյանը:

Հայր Գրիգորն այդ տեսակետի հետ համաձայն չէ: Ըստ նրա՝ ասել, թե այդ խնդիրները հարուցել է Տեր Վաչեն, կամ խռովությունը հրահրել են Հայաստանից գաղթածները, կամ թե խնդիրը միայն հնաբնակների և նորահաստատների միջև է, առնվազն անբարոյականություն է:

«Վերջին 20 կամ 25 տարիներին Նիսի եկեղեցական համայնքից ներս եղել են անհասկացողություններ և հակադրություններ, ինչպես նաև զանցառություններ: Տեր Վաչեն, ի տարբերություն այլոց, քաջություն ունեցավ այդ խնդիրները /չասելու համար անօրինականությունները/ ջրի երես հանելու, և փորձեց դրանց լուծումները և համերաշխության եզրերը գտնել:

Ֆրանսիայում մինչև 2007 թվականը թեմ չի եղել: Մինչ այդ, Վազգեն Ա և Գարեգին Ա  երջանկահիշատակ կաթողիկոսների կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվել թեմը հաստատելու ուղղությամբ: Եղել են տարբեր ծրագրեր, որոնք հաջողության չեն հասել ինչ-ինչ պատճառներով: Ներկայիս Վեհափառ Հայրապետի ջանքերի շնորհիվ Ֆրանսիայի թեմն այսօր իրողություն է դարձել:

2007 թվականին Ֆրանսիայի տարբեր շրջաններում ունեինք 18 եկեղեցական ծուխ, այսօր դրանք 19-ն են: Դրանց կանոնադրությունները կազմվել էին տեղային և այլ հանգամանքներից ելնելով: Ուստի խնդիր դրվեց կազմել մեկ և միասնական կանոնադրություն` բոլոր եկեղեցիների համար, որն էլ գլուխ բերվեց Թեմի ներկայիս առաջնորդի` Նորվան սրբազանի կողմից, որ այն ժամանակ Լիոնի շրջանի ընդհանուր փոխանորդն էր: Այդ տասնութ եկեղեցիներից միակ ընդդիմացողը Նիսի ծուխն էր և է մինչ օրս», – նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այդ մարդկանց  աստվածուրացությունն ու եկեղեցու նկատմամբ մնան վերաբերմունքը հասավ նրան, որ մի քանի տարի առաջ ընկերակցության ընդհանուր անդամական ժողովիժամանակ մի քանի եպիսկոպոսի, վարդապետի և քահանայի արգելեցին Տերունական աղոթքով այն սկսել:

«Գրեթե երկու տարի է այստեղ եմ նշանակված ծառայության, և այս ընթացքին փորձել եմ համերաշխության ճամփան բռնել և երկխոսության եզրեր գտնել, սակայն ապարդյուն: Նույնը ինձանից առաջ գրեթե մեկ տարի փորձել էր անել Հայր Մեսրոպը, կրկին ապարդյուն: Որոշ մարդիկ ավելի հակված են այս քաոսային վիճակի քավության նոխազ համարել Տեր Վաչեին և քարկոծել, քան թե նոր էջ բացել, հաշտվել և լծվել ընդհանուր գործին՝ մոռանալով, որ երեք տարուց ավելի է ինչ Տեր Վաչեն Նիսում չէ: Նշեմ, որ Նիսի եկեղեցական համայնքից ներս  կան հիմնական երկու խնդիրներ, որոնց պատճառով էլ այս իրավիճակում ենք հայտնվել: Ասացի, որ Նիսի ծուխը չի ընդունում այն հանգամանքը, որ իր կանոնադրությունը ևս պետք է մնացյալ բոլոր եկեղեցիների պես համապատասխանի թեմական կանոնադրությանը: Եվ երկրորդ կարևորագույն խնդիրը այն է, որ  ծուխի կառավարման համակարգը վերածվել է կլանային համակարգի պես մի բանի, և այն հարյուրավոր անձինք, ովքեր ցանկացել են կրոնական ընկերակցության անդամ դառնալ` լռելյայն մերժում են ստացել: Հայ հավատցյալը Ֆրանսիյում լինի թե Չինաստանում, հայ եկեղեցու զավակ է և իր տեղն ու ձայնը պիտի ունենա իր եկեղեցուց ներս», – կարծիք է հայտնել Հայր Գրիգորը:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Թեմական Խորհուրդը հաշտություն կնքելու ուղենիշ է պատրաստել և 2011 թվականի հոկտեմբերին ստացել Թեմական Պատգամավորական Ժողովի միաձայն հավանությունը:

«Այդ ուղենիշը ներկայացվեց Նիսի նախկին ծխականներին և 2011 թվականի դեկտեմբերի վերջին ստացավ հակընդդեմ ուղենիշ, որի մեջ չվարանեցին նշելու, որ փետրվարին կազմակերպվելու են նոր ծխական խորհրդի ընտրությունները և հաշտության պայմաններից մեկն էր Պարսամյան դպրոց-համալիրը իննսունիննը տարով վարձակալության տալը: Դպրոցի հողի և շինության սեփականատերը եկեղեցին է: Միջանկյալ չմոռանանք նշելու, որ այդ դպրոցասեր, հայրենասեր, եկեղեցասեր  և ցեղասպանության զոհերի հիշատակը մշտապես հարգող անձանց թողտվությամբ է, որ նույն այդ դպրոցում հայի զավակը իր մայրենի լեզվի տառերը  սովորելիս «դրոշ» բառը սովորում է մի դասագրքով, ուր պատկերված է թուրքական դրոշը, իսկ հայկականի գոյության մասին խոսելն իսկ ավելորդ է: Այս մի խումբ մարդկանց համար վերոնշյալ խնդիրները գոյություն չունեն և նույնն էլ փորձում են հավատացնել բոլորին: Իրենց համար բնական է, որ Հայ Եկեղեցու զավակների մեծամասնությունը արհեստականորեն եկեղեցուց դուրս է թողնված և ընկերակցության կանոնադրությունը չի համապատասխանում Հայ Եկեղեցու սրբազանկանոններին: Պատանդ են վերցրել եկեղեցին և իրենց քմահաճույքն են թելադրում բոլորին, հրավիրում են օրինազանց կարգալույծ նախկին հոգևորականների և անունը դնում՝ թե «պատարագ» կամ «ջրօրհնեք» են կատարում: Ինչպե՞ս կարելի է ընդհանուր անդամական ժողով գումարել և ծխական խորհրդի ընտրություններ կատարել, երբ հարյուրավոր հայորդիներ չեն կարողանում այդ ընկերակցության անդամ դառնալ: Ինչպե՞ս կարելի է արդարությունից և դեմոկրատիայից խոսել, երբ հարյուրավոր հայորդիներ անիրավաբար զրկված են իրենց ձայնի իրավունքից հենց իրենց մայր եկեղեցուց ներս: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ եկեղեցիդ սիրում ես և նվիված ես այդ եկեղեցուն ու ամեն հնարավորինս արել ես այդ եկեղեցու համար», – նշել է Հայր Գրիգորը:

Նա ընդգծել է, որ հարյուրավոր հայերի համար, ովքեր եկեղեցի չէին գալիս, որոշվել է «2012 թվականի հունվար 6-ին Սուրբ Ծննդյան պատարագը մատուցել մեր եկեղեցուց դուրս»: Եկեղեցականի խոսքով ՝ պատճառը դա է եղել, այլ ոչ թե «այն ստահոդ պատճառաբանությունը, որ բերում և կապում են իմ անվան հետ»:

«Մի քանի օր անց` 2012 թվականի հունվարի 15-ին, կիրակի օրը, չնայած տարաձայնություններին և անհասկացություններին, հովվատան մեջ նախկին կրոնական ընկերակցության մի քանի անդամների անձամբ առաջարկել եմ` առաջիկա փետրվար 6-ի ծխական ընտրություններին ներկայացնել իննը հոգուց կազմված միասնական մեկ ցուցակ, ուր իրենք կլինեն հինգ հոգի, այսինքն՝ կունենան ձայների մեծամասնությունը: Մերժումը ստանալուց հետո է, որ արդեն բոլորովին հստակ դարձավ, թե այդ մարդիկ ոչնչի առջև կանգ չեն առնելու և այդ օրվանից սկսյալ է, որ վերջնականապես որոշվեց պատարագները և ծիսական արարողությունները առժամյա կատարել կաթոլիկ եկեղեցու հարկից ներս, մինչ երկխոսության և համերաշխության եզրեր կգտնվեն: Սակայն այդ անձինք, այստեղ էլ կանգ չառան և ավելի առաջ գնացին…», – ասել է Հայր Գրիգորը:

Նա հավելել է, որ այդ  ամենի հետևում կանգնած են ընդհամենը մի քանի անձինք, սակայն առայժմ չի ցանկացել նրանց անուններն հնչեցնել:

«Նրանց կարելի է մատների վրա հաշվել, բոլորն էլ Թուրքիայի ծնունդ: Ամենքս էլ սխալական ենք, բայց երանելի է նա, որ կհասկանա իր սխալները, և քաջ է նա, ով կապաշխարի և դարձի կգա…»- եզրափակել է եկեղեցականը:

Լուսանկարը՝ http://eglisearmeniennenice.blogspot.fr/