Home / Հայաստան / Ոստիկանությունն «իր խորին ափսոսանքն» է հայտնում Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ

Ոստիկանությունն «իր խորին ափսոսանքն» է հայտնում Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ

ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

«ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից», – ասված է հայտարարության մեջ: