Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը հանել են Youtube-ից երիտասարդների բողոքից հետո

Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը հանել են Youtube-ից երիտասարդների բողոքից հետո

«Լույս» հիմնադրամի մասին պատմող տեսահոլովակը, որը օգտագործվել էր Սերժ  Սարգսյանի նախընտրական քարոզարշավում, հանվել է youtube.com կայքից և որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո նորից ներբեռնվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը: Փոփոխությունները կատարվել են՝ հարգելով 8 շրջանավարտների՝ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում չերևալու խնդրանքը:

Ժաքլին Կարաասլանյանն ընդգծել է, որ «Լույսը» անկախ կազմակերպություն է, սակայն ունի երկու հիմնադիր՝ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, և կազմակերպությունն ընդամենը իր երախտագիտությունն է հայտնել նրանց ներդրած ջանքերի համար:

«Ամեն մարդ, ով դիմում է «Լույսի» կրթաթոշակ ստանալու համար, գիտի, որ հանդիպելու է նախագահին ու վարչապետին, նրանց կողմից ստանալու է դիմպլոմները: Այս տեսահոլովակը ամռանն էլ է ցուցադրվել, սակայն որևէ դժգոհություններ այն ժամանակ չեն եղել: Համենայն դեպս, մենք դեմոկրատական կառույց ենք, հարգում ենք բոլորի կարծիքը, ուստի այժմ այդ 8 շրջանավարտներն այլևս չեն երևում տեսահոլովակում»,- ասել է Կարաասլանյանը:

«Լույսի» տնօրենի խոսքով՝ անհանգստացնող կլիներ այն, որ բոլոր շրջանավարտներն ունենային նույն կարծիքը Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին:

Տնօրենը նաև հերքել է այն ասեկոսեները, թե նախընտրական տեսահոլավակում «Լույսի» մասնակցությունը վկայում է, թե շրջանավարտները նաև պետք է ընտրեն Սարգսյանին: Ըստ Կարաասլանյանի՝ շրջանավարտներին անգամ չի պարտադրվում Հայաստան վերադառնալ,  ուստի քաղաքական որևէ դիրքորոշում ունենալու պարտադրանքի մասին խոսակություններն անհեթեթ են: