Home / Հայաստան / Դատարանը կարճել է Արման Վեզիրյանի դեմ գործը

Դատարանը կարճել է Արման Վեզիրյանի դեմ գործը

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի գործով նիստին մեղադրող դատախազ Ալեքսանդր Աբրահամյանը հրաժարվել է մեղադրական կարդալ և միջնորդել է կարճել իրավապաշտպանի դեմ գործը՝ ապացույցների բացակայության պատճառով։

Ըստ Ալեքսանդր Աբրահամյանի՝ Արման Վեզիրյանը Տիգրան Մանուկյանին հարվածել է ընդամենը մեկ անգամ, ինչը ծեծ համարելը ճիշտ չէ: Նշենք, որ նման նախադեպային որոշում է վերջերս կայացրել Վճռաբեկ դատարանը: Հավելենք նաև, որ Վեզրիյանը Վեզիրյանը հերքում է, թե անգամ մեկ անգամ հարվածել է Մանուկյանին:

Մեղադրողը գործով մյուս ամբաստանյալին՝ Տիգրան Մանուկյանին միջնորդել է տուգանել նրան 30000 դրամով։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին:

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները Սեդրակ Սարգսյանի փողոցում քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել Տիգրան Մանուկյանը և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):

Նշենք, որ Մանուկյանը բողոքել էր միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է, սակայն ինքը տուժող չի հանդիսանում: